Հայաստանում բժշկական օնլայն հետազոտութիւններ են անցկացւելու

18:43 / 01.03.2010
Մարտի մէկին Հայաստանի հեռաբժշկութեան միութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) միջեւ կնքւող պայմանագրի շնորհիւ Հայաստանում սկիզբ կը դրւի Հեռաբժշկութեան մեթոդի կիրառման առաջին լուրջ փորձին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց Հայաստանի հեռաբժշկութեան ասոցիացիայի նախագահ Արմէն Աւոյեանը` աւելացնելով, որ արդէն մէկ ամիս անց Հայաստան կը բերւեն թւային (Digital) սարքաւորումներ, որոնց շնորհիւ հնարաւոր կը լինի Երեւանը կապել հեռաւոր շրջանների հետ, եւ հիւանդին ստուգել, բժշկական խորհրդատւութիւն կամ բուժում նշանակել՝ առանց նրան տեղաշարժելու: «Երեւանի կենտրոնական գրասենեակ է հրաւիրւելու մասնագէտը, որի կարիքը ունի որևէ հեռաւոր շրջանում գտնւող հիւանդը, եւ օրինակ` գիւղի փոքր ամբուլատորիայի բժիշկը ստետասկոպը կը դնի հիւանդի թոքերը կամ սիրտը լսելու, եւ օնլայն կերպով նոյն աղմուկը կամ սրտի ձայնը կը կարողանայ լսել կենտրոնական գրասենեակում գտնւող բժիշկը»,- ասաց Ա. Աւոյեանը` աւելացնելով, որ հեռաբժշկութեան թւային սարքերի հիմնական առաւելութիւնն այն է, որ դրանց շնորհիւ մատչելի է դառնում նեղ մասնագէտի խորհրդատւութիւնը հեռաւոր շրջանում, բացի այդ, հիւանդը չի տեղաշարժւում իր բնակութեան վայրից:
«Հեռաբժշկութեան նման ծրագրեր կամ սարքաւորումներ մեր հարեւան երկրներում չկան, Հայաստանն առաջինն է սկսում կիրառել զարգացած երկրներում լայնօրէն կիրառւող հեռաբժշկութեան թւային սարքաւորումները»,- ասաց Հայաստանի հեռաբժշկութեան ասոցիացիայի նախագահը ` աւելացնելով, որ ծրագրւում է սարքաւորումները ձեռք բերել եւ փորձնական ծրագիրը սկսել մէկ ամիս անց։ Ծրագիրը կսկսւի հաւանաբար, Գիւմրիից:
Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսաւորում է ԱՄՆ ՄԶԳ-ն։ Յատկացւող գումարը դեռ վերջնական յստակեցւած չէ, այն կախւած է ձեռքբերւող սարքաւորումների քանակից, սակայն, օրինակ` թւային մոնիտորը, որը չափում է պուլսը, ճնշումը, արեան թթւածնով յագեցւածութիւնը, արժէ մօտ 4000 դոլար:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: