«Եգիպտահայերին վտանգ չի սպառնում»



07.01.2011
Արմէն Քոլոյեան

2011 թւականի գալուստը Եգիպտոսում ողբերգական էր` յունւարի 1-ի առաջին րոպէներին Ալեքսանդրիայի Սրբերի եկեղեցում պայթիւններ որոտացին հէնց այն պահին, երբ ղպտիների ամանորեայ պատարագն աւարտւել էր եւ հաւատացյալները սկսել էին դուրս գալ շէնքից։ Զոհւեց 21 մարդ։
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, տասնեակ պետութիւնների ղեկավարներ խստօրէն դատապարտել են յանցագործութիւնը։
Եգիպտացի իրաւապահները չեն բացառում, որ Ալեքսանդրիայում եկեղեցին ահաբեկչական յարձակման են ենթարկել սալաֆները` մոլեռանդ արմատական մահմեդականները, ովքեր, ամենայն հաւանականութեամբ, առնչութիւն ունեն «Ալ-Ղաիդա»-ի հետ։
Իսկ արդեօ՞ք վտանգ չի սպառնում այդ արաբական երկրում բնակւող հայերին, - «Ազատութիւն» ռադիոկայանի այս հարցին Կահիրէում հրատարակւող «Ջահակիր» պարբերականի տնօրէն Մարտիրոս Բալայեանը պատասխանեց. - «Հայերը բացարձակ ապահով վիճակում են, եգիպտահայերին վտանգ չի սպառնում, Ալեքսանդրիայի ահաբեկչութիւնից յետոյ Եգիպտոսի իշխանութիւնները անվտանգութեան ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկել»։
Նրա խօսքերով` ընդհանուր առմամբ մահմեդականները հայերի հանդէպ շատ բարեացկամ են։
«Մեզ այս երկրում հիւր են դիտում, մինչդեռ ղպտիների նկատմամբ վերաբերմունքն ուրիշ է, որովհետեւ նրանք քաղաքի տէրերն են եւ նրանց ու եգիպտացիների ճանապարհները յաճախ են հատւում, սակայն հայերն այս երկրում շատ ապահով եւ բարեկարգ են», - «Ազատութիւն» ռադիոկայանին ասաց «Ջահակիր» պարբերականի տնօրէնը:
Եգիպտոսի 80 միլիոն բնակիչների 10 տոկոսը քրիստոնէութիւն դաւանող ղպտիներ են, նրանց եւ մոլի մահմեդականների միջեւ յաճախ են տեղի ունենում միջադէպեր։
Հինգշաբթի օրը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ողջոյնի ուղերձով դիմել է Սուրբ Ծնունդը յունւարի 7-ին նշող արեւելեան եկեղեցիներին եւ ակնյայտօրէն ղպտիներին հասցէագրւած պատգամով յօրդորել «չկորցնել ոգու կորովը փորձութեան ժամին»։

«Ազատութիւն»

0 Պատգամ: