Դպրութեան, կիսասարկաւագութեան եւ

սարկաւագութեան ձեռնադրութիւններ՝

Նոր Ջուղայւմ


Հանրային կապի գրասենեակ, ազգ. առաջնորդարան- Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի նախագահութեամբ, երեքշաբթի, դեկտ. 21-ի առաւօտեան, նախավկայ եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի՝ Ս. Աբգարի տօնին, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ թաղի ծխատէր հոգեւոր հովիւ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ձեռամբ:Ներկայ էին բազմաթիւ հաւատացեալներ:
Ս. Աբգար թագաւորի տօնին, սովորութեան համաձայն, եկեղեցական արարողութեանը մասնակցում են Նոր Ջուղայի մանկապարտէզի եւ նախակրթարանի աշակերտները եւս: Առիթը կրկնակի էր իմաստաւորւած, որովհետեւ նոյն օրը ս. պատարագի ընթացքում Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը, որպէս խարտաւիլակ, առաջնորդ Սրբազան Հօր մօտ առաջնորդեց երեք անձանց՝ յանձինս Սամսոն Զարգարեանի, Ռազմիկ Գալստանեանի եւ Համլետ Մինասեանի՝ դպրութեան եւ կիսասարկաւագութեան պաշտօն ստանալու համար: Կիսասարկաւագութեան ձեռնադրութեան կարգը կատարւեց իր բոլոր մանրամասնութիւններով, որ խորհրդանշական եւ իմաստաւոր բաժինների մի ամբողջութիւն էր. նախ դպրութեան պաշտօն տրւեց Ռազմիկ Գալստանեանին եւ Համլետ Մինասեանին:
Նրանց գլխի մազերից կտրւեցին ի նշան աշխարհիկ զբաղումներից հեռացման եւ եկեղեցական կեանքին նւիրւելու եւ դռնապանութեան, լուսարարութեան, ընթերցանութեան եւ այլ փոքր պաշտօններն ստացան: Ապա կիսասարկաւագութեան ձեռնադրութեան արարողութիւնը կատարւեց՝ նրանց միանալով նախապէս դպրութեան պաշտօն ստացած Սամսոն Զարգարեանը:Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում, ուրախութիւն յայտնելով տօնի եւ ձեռնադրութեան առթիւ, ասաց. «Աղօթեցինք, որ Սուրբ Հոգին իմաստութիւն եւ շնորհքներ պարգեւի նոր ձեռնադրւած կիսասարկաւագներին, որպէսզի արթնութեամբ եւ իմաստութեամբ կատարեն եկեղեցում իրենց տրւած պաշտօնը:
Նրանք պէտք է խոնարհութեամբ, հեզութեամբ եւ սիրով կատարեն այս պաշտօնը: Նրանց ստացածը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու խոնարհ պաշտօններն են, բայց խոնարհութեան մէջ է մեծութիւնը, այնպէս, ինչպէս մեր Տէր Յիսուսն ասաց՝ օրինակ բերելով մանուկների խոնարհութիւնն ու սրտի մաքրութիւնը... Այսօր մեզ հետ ունենք նաեւ փոքրիկ մանուկներին, ովքեր տօնի առթիւ եկել են այստեղ՝ մեզ հետ աղօթակից դառնալու. լաւ է, որ միշտ մեր մանուկներին մօտեցնենք Քրիստոսին»: Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորելով նոր ձեռնադրւած կիսասարկաւագներին, իր խօսքն ուղղելով նրանց, ասաց. «Ձեր հաւատի մէջ ամո՛ւր եւ հաստա՛տ մնացէք, որովհետեւ Աստւած Ինքը այդ հաւատն աշխարհ բերեց եւ մեզ՝ քրիստոնեաներիս փոխանցեց այն, որպէսզի մեր կեանքն ապրենք վստահութեամբ եւ այն առաջնորդենք Յիսուս Քրիստոսի ապրած կեանքի օրինակով»:
Արարողութիւնից յետոյ, եկեղեցու սրահում Եկեղեցեաց վարչութեան միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն, որտեղ հաւատացեալ ժողովուրդն իր շնորհաւորանքները փոխանցեց կիսասարկաւագներին:

* * *
Այնուհետեւ, շաբաթ, դեկտեմբերի 25-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի օրը, սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանը: Արարողութեանը նախագահում էր թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, ներկայ էին՝ հոգեւորականաց դասը, ազգային մարմինների անդամներ եւ հոծ թւով հաւատացեալներ:
Ս. պատարագի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը ս. խորան բարձրացաւ եւ իր գահին նստեց, որին մօտեցան Ս. Աբգար թագաւորի տօնի օրը կիսասարկաւագ ձեռնադրւած Սամսոն Զարգարեանը, Ռազմիկ Գալստանեանը եւ Համլետ Մինասեանը՝ խարտաւիլակութեամբ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, սարկաւագութեան պաշտօն ստանալու համար:
Սարկաւագ ձեռնադրւողները, ատեանի առջեւից, ծունկի իջած վիճակով ս. խորան բարձրացան եւ ներկայացան Սրբազան Հօրը: Սկզբում կարճ աղօթքից յետոյ, իրենց դէմքերը դէպի արեւմուտք դարձնելով՝ հրաժարւեցին աշխարհիկ ցանկութիւններից եւ սովորութիւններից՝ մաքրութեամբ եւ ամբողջական կերպով նւիրւելու կրօնական-եկեղեցական ծառայութեանը, ապա կատարւող ընթերցանութիւնների, սաղմոսների եւ երգւող շարականների կանոնի ներքոյ, առաջնորդ Սրբազան Հայրը նրանց սարկաւագ ձեռնադրեց եւ բուրվառով իւրաքանչիւրին երեք անգամ խնկարկել տալով՝ արտօնութիւն շնորհեց նրանց եկեղեցում խնկարկութիւն կատարելու եւ սրբութիւններին մօտենալու:
Նկատի ունենալով, որ Ս. Ստեփանոս Նախավկայի տօնը տօնն է նաեւ սարկաւագների, Սրբազան Հօր քարոզի պահին վառւած մոմերով ս. խորան բարձրացան նաեւ Նոր Ջուղայի բոլոր սարկաւագները եւ հաւատացեալ ներկաների հետ միասին ունկնդրեցին թեմակալ առաջնորդի խօսքը: Սրբազան Հայրն ասաց. «Սարկաւագը օգնականն է քահանայի եւ սպասաւորը՝ սուրբ խորանի եւ սուրբ սեղանի: Այսօր երեք նւիրեալները ծունկի գալով՝ իշխանութիւն ստացան Աւետարան կարդալու, վերաբերում կատարելու, խնկարկելու:
Այսօր ես ուրախ եմ, որ մեր սարկաւագները այս խորանի վրայ են, որոնց հետ միասին երգեցինք Ս. Ստեփանոսին նւիրւած «Ստեփանոս քաղցրիկ տատրակ» շարականը... Ս. Ստեփանոսը ծառայեց, քարոզեց ու պատգամեց, բժշկեց եւ կարօտեալին օգնական դարձաւ. մեր սարկաւագների օրինակ պէտք է լինի նոյնինքն Ս. Ստեեփանոս Նախավկան: Իմ կոչն է, որ մեր սարկաւագները Ս. Ստեփանոսի նման իմաստութեամբ, շնորհքով, խոնարհութեամբ, սրբութեամբ ու ծառայութեամբ լցւեն եւ իրենց աշխատանքը կատարեն հաւատարմութեամբ. մի աշխատանք, որ սուրբ է»:
Ս. պատարագի աւարտին կատարւեց ջրօրհնէք՝ Ս. Ստեփանոս Նախավկայի աջ-մասունքով եւ ջուրը բաժանւեց բարեպաշտ հաւատացեալներին: Ս. պատարագից յետոյ, եկեղեցու սրահում, տօնի առթիւ, Եկեղեցեաց վարչութեան միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն, որտեղ սրտի խօսքեր արտասանւեցին՝ Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանի, Եկեղեցեաց վարչութեան նախագահ Արշալոյս Խուդավերդեանի, տիրացու Սամսոն Զարգարեանի կողմից:
Առաջնորդ Սրբազան Հայրն իր իմաստուն խօսքով եզրակացրեց միջոցառումը: Եկեղեցեաց վարչութիւնը նաեւ գնահատեց սարկաւագներին՝ նրանց յանձնելով նւէրներ:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: