Թուրքիան` քրիստոնեաների համար

վտանգաւոր երկրների ցուցակում




12:44 • 08.01.11
Open Doors միջազգային մարդասիրական կազմակերպութիւնը հրապարակել է 2011թ. «Քրիստոնեաների համար վտանգաւոր երկրների» ցուցակը, որում տեղ է զբաղեցրել նաև Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալութիւնը:
Open Doors-ի ցուցակը, որում տեղ են գտել 52 երկրներ, գլխաւորում է Հիւսիսային Կորէան, որին յաջորդում են Աֆղանստանը, Սաուդեան Արաբիան և Սոմալին:
Նշելով, որ ներկայ պահին ողջ աշխարհում ճնշումներ են իրականացւում 100 միլիոն քրիստոեաների դէմ` Open Doors-ն ընդգծում է, որ միակ երկիրը Չինաստանն է, որտեղ որոշակի դրական փոփոխութիւններ են նկատւում քրիստոնեաների նկատմամբ վերաբերմունքում: Ըստ այդմ, Չինաստանը, որը Open Doors-ի 2010թ. ցուցակում զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը, բարելաւել է իր դիրքերը` յայտնւելով 16-րդ հորիզոնականում:
Քրիստոնեաների համար առաւել անբարենպաստ պայմաններ են ստեղծւել Իրաքում: Open Doors-ը, հաշւի առնելով անցած տարւայ հոկտեմբերին Բաղդադում 58 քրիստոնեաների սպանութիւնը, Իրաքին 17-րդ հորիզոնականից տեղափոխել է 8-րդ հորիզոնական:
Քրիստոնեաների նկատմամբ կիրառւող բռնութիւնների տեսանկիւնից ետընթաց է նկատւում նաև Թուրքիայում, որը 35-րդ հորիզոնականից յայտնւել է 30-րդ հորիզոնականում:
Open Doors-ը, ուշադրութիւն հրաւիրելով Թուրքիայում քրիստոնեաների հանդէպ բացասական զարգացումների վրայ, ընդգծում է, որ քրիստոնէական հաւատքը թրքական ազգայնականութեան հիմնական թիրախներից է:
«Թուրքիայում քրիստոնեաների հանդէպ որոշ քաղաքական գործիչների և լրատւամիջոցների կողմից լինչի դատաստան տեսնելու կոչեր են հնչում: Քրիստոնեաները յայտարարւում են որպէս դաւաճաններ: Նրանք իրաւազուրկ են: Անգամ անձը հաստատող փաստաթղթերում չեն կարողանում ամրագրել իրենց կրօնը: Թուրքիայում քրիստոնեաների հանդէպ յարձակումներն ու ճնշումները հասել են մտահոգիչ չափերի»,- նշում է Open Doors-ը:

Tert.am

0 Պատգամ: