ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը


Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի


խախտումների վերաբերեալ նամակ է յղել


կազմակերպութեան գլխաւոր քարտուղարին

Դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչութեան կողմից ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին հասցէագրւած նամակով տարածւել է Հայաստանի Հանրապետութեան կողմից տրամադրւած տեղեկատւութիւնը՝ 2010 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատւածում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դէպքերի մասին:Նամակում մասնաւորապէս նշւած է, որ Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է իր ՄԱԿ-ի անդամակցութեան հանգամանքը՝ առիթ բաց չթողնելով անամօթաբար վարկաբեկել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցութիւնների ոգուն եւ հակառակ ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի՝ ադրբեջանական կառավարութիւնը, յանձինս նախագահի եւ նրա տարբերն ներկայացուցիչների, արդէն երկար ժամանակ է, որ իրականացնում են այլատեացութեան լայնածաւալ քարոզչական արշաւ՝ Հայաստանի եւ համայն հայութեան դէմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան համար:
Հայաստանը, Մինսկի խմբի համանախագահների նման, մտահոգութիւն է յայտնում 2010 թւականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի եւ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերեալ, որոնց արդիւնքում՝ բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի կոչերը՝ շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թւականի դեկտեմբերի 1-ին, Աստանայում՝ ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջագծում:
Նամակը եւ կից նիւթերը տարածւել են որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւ Ընդհ. ժողովի փաստաթուղթ:

ՀՀ ԱԳՆ-Ի ՄԱՄԼՈՅ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

0 Պատգամ: