Ինչը Էրդողանի լեզւին է, նոյնը թրքական հասարակութեան սրտում է
Թուրքիայի վարչապետ Էրդողանը յայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել:
Ինքը խօսել է Թուրքիայից ոչ թէ ընդհանրապէս հայերին, այլ երկրում ապօրինի գտնւող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խօսում է օրէնքի խտրական կիրառման մասին, պայմանաւորւած մարդկանց էթնիկ ծագումով:
Եթէ Թուրքիայի իշխանութիւններն յայտարարէին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնւողներին` հասկանալի կը լինէր: Թէեւ ընդունելի չէր լինի, այնուամենայնիւ հասկանալի կլիներ:
Սակայն Թուրքիայի վարչապետը խօսում է միայն հայերին վտարելու մասին: Այսինքն, Թուրքիայում ապօրինի գտնւող վրացին, կովկասցի թաթարը (որոնց այսօր ադրբեջանցի են կոչում), արաբն ու ռուսն իրաւունք պիտի ունենան շարունակել օրէնքը խախտել, իսկ հայերը ոչ: Իսկ ինչպէ՞ս պիտի վարւեն թուրքերը Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հետ: Վրաստանի քաղաքացի հայերին պիտի վտարեն, իսկ Վրաստանի քաղաքացի կովկասեան թաթարներին ու վրացիներին` ո՞չ: Հետաքրքիր կը լինէր տեսնել Վրաստանի արձագանքը:
21-րդ դարում, Եւրոմիութիւն ձգտող պետութեան գործադիր իշխանութեան բարձրագոյն պաշտօնյայի բերանից, հնչում են խօսքեր, որոնք կոչ են անում մարդկանց նկատմամբ օրէնքը կիրառել ոչ թէ ըստ նրանց արածի, այլ ըստ էթնիկ ծագման: Սա արդէն լուրջ բան է: Սա Մարդու իրաւունքների համընդանուր հռչակագրի (1948) 1-ին, 7-րդ — 16 (1)-ին յօդւածների կոպիտ ոտնահարում է: Գրեթէ վստահ եմ, որ ներկայումս Թուրքիան պետականօրէն չի սկսի հայերի նկատմամբ խտրական նոր հալածանքները:
Դա հիմա չի բխում Թուրքիայի շահերից: Առանց այդ էլ Թուրքիայում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները էական զրկանքների եւ չարդարացւած սահմանափակումների մէջ են: Այսուհանդերձ, սա խիստ մտահոգիչ երեւոյթ է, քանի որ Էրդողանի ասածը թրքական հասարակութեան շատ լուրջ եւ խորքային հիւանդութեան դրսեւորումն է: Ինչը Էրդողանի լեզւին է, նոյնը թրքական հասարակութեան սրտում է:
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
19 մարտի 2010թ.
0 Պատգամ:
Post a Comment