Բուլղարիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը քննարկւելու է մէկ շաբաթից


20:05 / 19.03.2010
Բուլղարիայի Հանրապետութեան Ժողովրդական ժողովում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է է ներկայացւել, որի քննարկումը կայանալու է մէկ շաբաթից: NEWS.am-ը ներկայացնում է նախագծի ոչ պաշտօնական թարգմանութիւնը:

«Բուլղարիայի Յայտարարութիւնը Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ գործադրւած ցեղասպանութեան վերաբերեալ. Հայ ժողովրդի դէմ իրագործւած թրքական ցեղասպանութիւնը հանդիսանում է մարդկութեան դէմ կատարւած ամենաչարագուշակ ոճրագործութիւններից մէկը նոր պատմութեան ընթացքում:


Հայ ժողովրդի դէմ 20-րդ դարի սկզբներին թուրք իշխանութիւնների նախաձեռնած գործողութիւնների ամբողջական իմաստը եւ խորքը հասկանալու համար, հարկաւոր է նկատի ունենալ, որ ըստ էութեան դա վատ քողարկւած, սակայն նպատակաուղղւած քաղաքականութիւն էր, որը ձգտում էր հայ էթնոսի ամբողջական ոչնչացմանն իր վաղեմի տարածքային սահմաններում՝ Արարատից մինչեւ Անատոլիա: Թուրք կառավարութիւնը նպատակ ունէր այդ տարածքներում տեղադրել Բալկաններից եկող բազմաթիւ փախստականներին:
Այս իմաստով առաջին հայեացքից իրար հետ կապ չունեցող բռնութիւնները հայերի նկատմամբ 1915-1917 թթ. ընթացքում, ըստ էութեան հանդիսանում են իշխանութիւնների կողմից լաւ մտածւած մի ծրագիր, որը նախատեսում է հայերի կազմակերպւած տեղահանումը զինւած պահակախմբերի ուղեկցութեամբ, նրանց նպատակաուղղւած չարչարանքը եւ ոնչնչացումը , ինչպէս կանոնաւոր զօրքերի, այնպէս էլ բաշիբոզուկի կողմից, այդ թւում՝ խաղաղ բնակչութեան ջարդ, բռնաբարութիւն եւ կողոպուտ, հայերի հողերի եւ գոյքի բռնագրաւում:


Սա հանդիսանում է հայկական էթնիկական հանրութեան ֆիզիկական, տնտեսական եւ բարոյական ոչնչացման համակարգ, որի չարագուշակ արդիւնքն են միայն մի քանի ամսւայ ընթացքում սպանւած մօտ մէկուկէս միլիոն հայերը:
Նշւած փաստերի առումով, Բուլղարիայի Հանրապետութեան Ժողովրդական ժողովը, ընդունելով 1915-1917 թթ. ընթացքում Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից 1 500 000 հայերի բռնի եւ նպատակաուղղւած ոչնչացումը ապացուցող փաստերի անհերքելիութիւնը, նկատի առնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դէմ իրականացւած բռնութիւնը Եւրոպայի խորհրդարանի եւ մի շարք ԵՄ անդամ պետութիւնների կողմից՝ Բելգիա, Հոլանդիա, Յունաստան, Իտալիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ֆրանսիա, որակւել է որպէս Ցեղասպանութիւն՝ դատապարտելով հայ բնակչութեան Ցեղասպանութիւնը,
Յայտարարում է.



1. Իր անհամաձայնութիւնն է յայտնում 1915-1917 թթ. ընթացքում հայ ժողովրդի դէմ գործադրւած նպատակաուղղւած բռնութեան հերքմանը նվիրւած թուրք կառավարութեան պաշտօնական դիրքորոշման նկատմամբ:
2. Կոչ է ուղղում Թուրքիայի Հանրապետութեանը՝ վերանայել իր վերաբերմունքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած պատմական իրողութիւնների նկատմամբ:
3. Որպէս Ցեղասպանութիւն է որակաւորում հայ ժողովրդի բռնի տեղահանումը եւ ոչնչացումը Օսմանեան կայսրութիւնում:
4. Յայտարարում է նշւած պատմական իրադարձութիւնների օբյէկտիւ արտացոլման պարտաւորիչ անհրաժեշտութիւնը Բուլղարիայի Հանրապետութեան բոլոր պետական ինստիտուտների, քաղաքական կազմակերպութիւնների եւ լրատւամիջոցների փաստաթղթերում, հրապարակումներում եւ հրապարակային ելոյթներում:
5. Ընդունում է, որ Թուրքիայում բուլղար եւ հայ կրօնական եւ ճարտարապետական ժառանգուեան յուշարձանների պաշտպանումը եւ պահպանումը պէտք է դիտել որպէս եւրոպական քաղաքակրթութեան մշակութային ժառանգութեան պահպանմանը ուղղւած մի առաւել լայն քաղաքականութեան բաղադրեալը:
6. Պահանջում է, որ ԵՄ-ին Թուրքիայի Հանրապետութեան անդամակցութեան վերաբերեալ բանակցութիւնների ընթացքում բուլղարական կառավարութեան դիրքորոշումը կապւած լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանչման հետ»:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: