Ամերիկեան վարչակազմն այլևս հետամուտ չէ Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչմանը
Կլինտոնը յոյս է յայտնել, որ բանաձևը չի մտնի Կոնգրէսի լիագումար նիստի օրակարգ
12:45 • 05.03.10
Պայմանները փոխւել են, և Միացեալ Նահանգների կարծիքով` Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը խոչընդոտող խնդիրների քննարկումն ամենանպատակայարմար ուղին է: Այս մասին Կոստա Ռիկայում յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ պետքարտուղարութեան մամուլի ծառայութեան փոխանցմամբ` Կոստա Ռիկայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում բրիտանական The Financial Times թերթի լրագրողը հարցրել է. «Ե՛ւ Դուք, և՛ նախագահ Օբաման նախքան ձեր պաշտօնավարումն աջակցում էիք 1915թ. իրադարձութիւնները որպէս Ցեղասպանութեան ճանաչելուն ուղղւած արշաւին: Սակայն վերջին օրերին և՛ Դուք, և՛ Օբաման կոչ արեցիք Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` դէմ քւէարկել բանաձևին: Ինչո՞ւ էք այդ հարցում փոխել ձեր դիրքորոշումը»։
Ի պատասխան, Հիլարի Քլինթոնն ասել է. «Կարծում եմ` պայմանները շատ են փոխւել: Երբ նախագահ Օբաման և ես սկսեցինք պաշտօնավարել, որոշում կայացրեցինք աջակցել Շւէյցարիայի նախաձեռնած Հայ և թուրք իշխանութիւնների միջև երկխօսութեան ծաւալման գործընթացին և աջակցէցինք: Ես նոյնպէս Ցիւրիխում էի, երբ երկու երկրները ստորագրում էին յարաբերութիւնների կարգաւորում նախատեսող Արձանագրութիւնները: Կարծում ենք, որ ամենանպատակայարմար ուղին յարաբերութիւնների կարգաւորման առջև ծառացած խնդիրների քննարկումն է»:ԱՄՆ պետքարտուղարը յայտարարել է նաև, որ Սպիտակ տունը չի կարծում, թէ Կոնգրէսի բոլոր նախաձեռնութիւնները տեղին են, և որ իրենք դէմ են դրան [Հայոց Ցեղասպանութեան բանաձևի նախաձեռնութեանը]: Նա յոյս է յայտնել, որ բանաձևը չի մտնի Կոնգրէսի լիագումար նիստի օրակարգ։

Tert.am

0 Պատգամ: