Ընդյատակեայ Հայաստան՝ Ստամբուլի հայկական եկեղեցու նկուղներում


Գործնական առաջարկ՝ «Հայկական Աշխարհ Նախագծի Շրջանակներում» ծրգարի համար


17:26 / 20.03.2010
Թուրքական Vatan-ի թղթակիցը Լոնդոնում Թուրքիայի վարչապետի արած յայտարարութիւնից յետոյ այցելել է Ստամբուլում անօրինական ապրող եւ աշխատող հայաստանցիների երեխաների ընդյատակեայ դպրոցը եւ զրուցել երեխաների եւ ուսուցիչների հետ։
Թուրքիայում անօրինական ապրող հայերը կեանքի ծանր պայմաններից ելնելով հեռացել են Հայաստանից եւ մի քանի կոպեկի համար աշխատում են Թուրքիայում, իսկ նրանց երեխաները իրենց ապագան կառուցելու համար մի հայկական եկեղեցու նկուղում կրթութիւն են ստանում։ Այդ եկեղեցին կառուցւել է Մեծ Եղեռնից մէկ տարի առաջ՝ 1914-ին։ Եկեղեցում կրթութիւն են ստանում 50 հայ երեխայ։
Երեխաների մայրերը մաքրարութեամբ կամ երեխայ խնամելով են զբաղւում, հայրերը՝ ժամանակաւոր աշխատանքներով։ Քանի որ երեխաները անօրինական կարգավիճակում են Թուրքիայում՝ նրանց չեն թոյլատրում յաճախել Ստամբուլի հայկական դպրոցներ։ Այդ պատճառով Գեդիկփաշայի հայկական եկեղեցին 2003-ից դարձել է անօրինական ապրող հայերի երեխաների կրթական հաստատութիւնը։ Եկեղեցու քահանայ, արաբկիրցի Գրիգոր Աղաբալօղլուն երեխաներին կրթութիւն է տալիս եկեղեցու նկուղի 2 սենեակներում։ Դասընթացները հայերէնով են, իսկ գրքերն էլ համապատասխանում են Հայաստանում ուսուցանւող դասագրքերին։
Նախադպրոցական կրթութիւն են ստանում 3 տարեկանից սկսած։ Եկեղեցին հայերի համար շատ կարեւոր է, որովհետեւ ժամանակին այստեղ է եղել նաեւ 3 տարի առաջ զազրելի մարդասպանի կողմից սպանւած «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը։ Աղաբալօղլուն նշել է, որ չնայած դպրոցը օրինական չէ, սակայն երեխաներին դասաւանդում են 6 ուսուցիչներ, որոնք դիպլոմաւորւած կրթութիւն են ստացել Հայաստանում։
Երեխաներին ուսանում են հայերէն, անգլերէն, ռուսերէն, մաթեմատիկայ եւ սոցիալական գիտութիւններ։ Դպրոցում սննդի հարցը եւս խնդիր է։ Ընտանիքները կամ երեխաների պայուսակներում ուտելիք են դնում կամ ուսուցիչներին դրամ են տալիս երեխաների համար մօտական ճաշարաններից որեւէ բան պատւիրելու համար։ Հայոց լեզւի ուսուցչուհի Հերիքնազ Աւագեանը նշել է, որ երեխաների սնունդը անկանոն է, ամէն օր կամ ապուր են ուտում կամ լահմաջօ։
Երեխաները իրենց ծնողների նման չեն ցանկանում հեռանալ Թուրքիայից։ 8-աեայ Եւան ասում է. «Ստամբուլը սիրում եմ եւ չեմ ուզում յետ վերադառնալ։ Ինչ կլինի մեզ մի ուղարկէք։ Այստեղ իմ դասերը լաւ են։ Ամենաշատը մաթեմատիկան եմ սիրում։ Մեծանալուս պէս բժիշկ դառնալ եմ ցանկանում»։ 9-ամեայ Մարիամ Մադոյեանը նոյնպէս չի ցանկանում վերադառնալ Հայաստան. «3 տարի առաջ Թուրքիա եկանք։ Այստեղ ինձ դուր է գալիս, ամէն ինչ շատ ժամանակակից է։ Հայրիկս ինձ կիրակի օրերին ծովափ է տանում։ Իմ տատիկը հիւանդ է եւ դրա համար ես ցանկանում եմ բժիշկ դառնալ։ Սակայն կը տխրեմ եթէ Հայաստան վերադառնանք»։ 12-ամեայ Անի Ասլանեանը արդէն Ստամբուլի հետ երազանքներ է կապել. «Ես երազում եմ Թուրքիայում ապրել եւ մայրիկիս համար մի գեղեցիկ տուն գնել։ Ես ուզում եմ ապրել այնպէս, ինչպէս ապրում են հեռուստասերիալների մէջ։ Ես վախենում եմ, որ մեզ կը վռնդեն»։
Երեխաները մի սենեակում մուլտֆիլմեր են դիտում եւ չարաճճիութիւն են անում։ Իսկ միւս սենեակում դասաւանդող ուսուցիչները երեխաներին անընդհատ զգուշացնում են չխանգարել կողքի սենեակում դաս անող իրենց ընկերներին։ Դպրոցում կան նաեւ մահճակալներ, եւ կէսօրին երեխաները քնում են։ Սակայն մահճակալների սահմանափակ քանակի պատճառով հերթով են քնում։ Սկզբից քնում են ամենահոգնած երեխաները։
Դասասենեակները սովորական դասասենեակներից փոքր են, սակայն ամէն ինչը կայ ներսում։ Ինչպէս հայաստանեան դպրոցներում այստեղ եւս դասասենեակի պատին կախւած է Հայաստանի քարտէզը եւ դրօշը, ինչպէս նաեւ Հայոց այբուբէնը,-նշում է թուրքական Vatan-ի թղթակիցը։
Լուրեր Հայաստանից

*** Դժւար է հաւատալ մի այդպիսի պատկերացում, որը նկարագրել է Vatan-ի թղթակիցը։ Մի համայնք, որի անդամները իրաւունք չունեն հայկական անուն եւ ազգանուն ունենալ, որտեղ օրը ցերէկով Հրանտ Դինք են սպանում դեռ շատ աւելի քիչ «յանցանք»ների համար, դժւար է նկարագրել մի այդպիսի նկուղ՝ որի պատերին փակցւած են՝ Հայերէն այբունէն, Հայաստանի քարտէզ, ու ամենակարեւորը՝ չեն սովորում երկրի պաշտօնական լեզուն՝ թուրքերէնը...։Իսկ նկատի ունենալով այս զաւթիչ պետութեան «փոլիսային» ու «անվտանգութեան» սկզբունքներով կառավարւող երկրի քաղաքական կարգավիճակը, ինչպէ՞ս կարելի է հաւատալ նոյն երկրում հրատարակւող Vatan թերթի թղթակցի վկայութիւնները այդ նկուղի մասին...։
Ինչքա՞ն ճիշտ է այդ անմեղ փոքրիկների «վկայութիւններ»ը հայրենիք վերադառնալ չցանկանալու մասին։Եթէ իսկապէս այդպէ՞ս է, ու այդքան ենք բարոյազրկւել մենք ու մեր իշխանութիւնները, թող բացւի այդ անտէր սահմանն ու բոլորս միասին «ապաւինենք» այդպիսի նկուղներին։
Իսկ մի առաջարկ Հայաստանի իշխանութիւններին. Արդեօք հնարաւոր չէ «Հայկական Աշխարհ Նախագծի Շրջանակներում» ծրգարի շրջագծի մէջ՝ Հայրենիք վերադարձնել նման երեխաներին ու իրենց ծնողներին, որոնք արդէն իսկ ազգային իմաստով «Սերնդափոխւում» են՝ նոյնիսկ Հայերէն այբուբէնի ու Հայաստանի քարտէզի շնչի ներքոյ...

ՎԱՐԴԱՆ

0 Պատգամ: