Էրդողանը արտասահմանեան ԶԼՄ-ների համար ծաղրի առարկայ է դարձել
14:11 / 20.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսքերն այն մասին, որ լրագրողներն աղաւաղել են Թուրքիայում ապօրինի ապրող 100 հազար հայերին վտարելու մասին իր յայտարարութիւնը, առաջ է բերել արտասահմանեան թերթերի սարկազմը։
Գերմանական Der Tagesspiegel թերթը ուշադրութիւն է հրաւիրում CNN-Türk-ի իրոնիայի վրայ. «Մեղաւորները գտնւել են. դրանք ԶԼՄ ներկայացուցիչներն են»։ Այնուհետեւ թերթը յիշեցնում է, որ սա առաջին անգամը չէ, երբ տարրական դիւանագիտական էթիկայից զուրկ Թուրքիայի վարչապետը քաղաքական լարւածութիւն է առաջացնում։ Այնուամենայնիւ, թերթն ընդգծում է, որ Էրդողանի՝ հայերին վտարելու մասին սպառնալիքները հազիւ թէ իրականութիւն դառնան, որովհետեւ դա կը խանգարի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը եւ կը սատարի Օսմանեան Թուրքիայում իրականացւած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը։
«Յայտնի է, որ Էրդողանը չի տիրապետում դիւանագիտական լեզւին։ Ժամանակ առ ժամանակ նա իրեն անտակտ արտայայտութիւններ է թոյլ տալիս։ Թուրքիայում սովոր են հաղորդակցւելու նրա „բարձր“ ոճին։ Սակայն Էրդողանի „ոճը“ քիչ վնաս չի պատճառի Թուրքիայի արտաքին քաղաքականութեանը»,- գրում է թերթը՝ յիշեցնելով Էրդողանի կողմից Իսրայէլի հասցէին արւած յայտարարութիւնները, թուրք էմիգրանտների մասով՝ Գերմանիային ուղղւած անհիմն մեղադրանքները, Չինաստանին ույգուրների ցեղասպանութեան մէջ մեղադրելը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: