Թուրքերն ի դէմս Ամերիկայի խոշորագոյն

վտանգ են տեսնում, բայց Հայաստանին

որպէս թշնամի չեն ընկալում



Յունւար 07, 2011 18:49
Թուրքերի շուրջ 43 տոկոսն ԱՄՆ ընդունում են որպէս երկրին սպառնացող ամենամեծ վտանգ, Իսկ ԱՄՆ-ին յաջորդում է Իսրայէլը: Այսպիսին են դեկտեմբերին Թուրքիայում անցկացւած խոշոր հարցման արդիւնքները, յայտնում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ն:
«ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը, իրաքեան դէպքերը, աֆղանական պատերազմը, ԱՄՆ Կոնգրէսում հայկական բանաձեւերի կրկնութիւնը եւ բացասական արտայայտութիւնները, որ թուրք պաշտօնեաներն անում են ԱՄՆ-ի եւ Իսրայէլի հասցէին, մեծ դեր են խաղում այս ընկալման մէջ»,- ասել է Անկարայի ռազմավարական եւ սոցիալական հետազոտութիւնների MetroPOLL կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Օզեր Սենջարը:
Կենտրոնի հարցմանը մասնակցել է Թուրքիայի 31 նահանգների 1504 մարդ:
Պատասխանելով այն հարցին, թէ «ո՞ր երկրից է գալիս ամենամեծ վտանգը», թուրքերի շուրջ 43 տոկոսն ասել է` ԱՄՆ-ից, 24 տոկոսն` Իսրայէլից, 3 տոկոսն` Իրանից, 2,3 տոկոսը` Յունաստանից, 2,1 տոկոսն` Իրաքից, 1,7 տոկոսը` Ռուսաստանից եւ 1 տոկոսը` Հայաստանից:
Ինչպէս նշել է Սենջարը, նախորդ տարիներին Հայաստանը, Ռուսաստանը եւ Յունաստանը ընկալւում էին որպէս թուրքերի համար հիմնական արտաքին վտանգ ներկայացնող երկրներ: «Սակայն այժմ թուրքերը նրանց մէջ թշնամու չեն տեսնում»,- ասել է պրոֆեսորը` աւելացնելով, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուի «զրօ խնդիր հարեւանների հետ» ռազմավարութիւնն աշխատում է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: