Գերմանիայի կառավարութիւնը տառացիօրէն կրկնօրինակել է Ցեղասպանութեան շուրջ գիտական յանձնաժողովի ստեղծման թուրքական զառանցանքը !!!


18:05 / 03.03.2010
«Գերմանիայի Դաշնային կառավարութիւնը կարծում է, որ պէտք է պատմաբաններից եւ գիտնականներից կազմւած մի անկախ յանձնաժողով ստեղծւի, որը կուսումնասիրի Օսմանեան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած իրադարձութիւնները։ Դաշնային կառավարութիւնն, իր հերթին, արդէն բացել եւ հասանելի է դարձրել այդ ուսումնասիրութիւնների համար անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասւում է գերմանական Բունդեստագի պատգամաւորների կողմից 1915թ. Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հարցմանն ի պատասխան շարադրւած Գերմանիայի կառավարութեան նամակում։
Իրենց հերթին, կառավարութեանը հարցում արած պատգամաւորները դժգոհ են մնացել այդ պատասխանից։ «Գերմանիայի Դաշնային կառավարութեան՝ 1915թ. Հայոց Ցեղասպանութեան մասին պատասխանը փախուստ է քաղաքական պատասխանատւութիւնից»,- յայտարարել է Բունդեստագի մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովի անդամ Կատրին Վերները։
Նա նշել է, որ Դաշնային կառավարութիւնը խուսափում է այն պատասխանից, թէ «ցեղասպանութի՞ւն» են հանդիսանում արդեօք Օսմանեան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած հայերի զանգւածային սպանութիւնները։ «Դաշնային կառավարութեան դիրքորոշումը հարւած է Գերմանիայի Հայ համայնքին, որը մինչ օրս պայքարել է, որպէսզի իր ողբերգական ճակատագիրը ճանաչւի որպէս ցեղասպանութիւն։ Սրանով կառավարութիւնը շրջանցել է նոյնիսկ Բունդեստագին, որտեղ գոնէ կարող էին ափսոսանք յայտնել հայերի զանգւածային կոտորածների առնչութեամբ»,- նկատել է պատգամաւորը։ Նրա խօսքով, Դաշնային կառավարութեան դիրքորոշումը պատմութեան մոռացում եւ քաղաքական պատասխանատւութեան բացակայութիւն է նշանակում։ «Կարելի է հարց տալ, թէ Թուրքիան ինչպէ՞ս պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, եթէ Գերմանիայի Դաշնային կառավարութիւնը հրաժարւում է անել դա»,- զարմանում է Վերները։ Հետեւութիւնը մէկն է. անհրաժեշտ է դպրոցներում ուսումնասիրել այս ողբերգութիւնը,- ընդգծել է պատգամաւորը։
Գերմանիայի դաշնային կառավարութեան նման տարօրինակ պատասխանի պատճառը բնական է, քանզի այնտեղ ապրում է շուրջ 3 միլիոն թուրք եւ ադրբեջանցի, եւ կառավարութիւնը չի ցանկանում աւելորդ խնդիրներ ունենալ նրանց հետ։ Բացի այդ, Գերմանիայի թուրքերը, ի տարբերութիւն եւրոպական այլ երկրների, քաղաքական ակտիւութիւն են դրսեւորում։ Պատահական չէ, որ մինչ օրս Գերմանիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Չնայած այդ երկիրը աւելի, քան եւրոպական ցանկացած պետութիւն, վկայ ու, կարելի է ասել, մասնակից է Թուրքիայում իրագործւած Մեծ ոճիրին, եւ Գերմանիայի արխիւներում հսկայական քանակութեամբ վաւերագրական նիւթեր կան՝ Ցեղասպանութեան հետ կապւած։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: