Թուրքիայից մեկնած 2 պատւիրակութիւնները ԱՄՆ-ում սկսել են Ցեղասպանութեան օրինագծի դէմ իրենց պայքարը

12:36 / 03.03.2010
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը կանխելու համար ԱՄՆ մեկնած երկու թուրքական պատւիրակութիւնները սկսել են իրենց գործունէութիւնը:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Թուրքիայից մեկնած պատւիրակութիւնների անդամները իրենց սկսած հանդիպումների մասին խօսել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպւած մամլոյ ասուլիսում:
Ըստ այդմ, Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը յայտնել է, որ հայկական բանաձեւը կանխելու համար իրենք հանդիպելու են Ներկայացուցիչների պալատի 15-ից աւելի անդամների հետ, այդ թւում` հայկական բանաձեւի կողմնակից, պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ միւսներին:
Պատիրակութեան մէկ այլ` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան պատգամաւոր Շուքրու Էլեքդաղը նշել է, որ իրենք ամերիկացի գործընկերների ուշադրութիւնը կը հրաւիրեն այն բանի վրայ, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան մի շարք հարցերում համագործակցում են իրար հետ եւ Միջին Արեւելքում Թուրքիայից աւելի ազդեցիկ երկիր չկայ:
Իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւոր Միթհադ Մելենը յիշեցրել է, որ ԱՄՆ-ում հայկական օրինագծից ամէնաշատը վախեցած են Թուրքիայում անօրինական աշխատող 50 հազար հայաստանցիները, իսկ օրինագծի ընդունումը կը վնասի ոչ միայն թուրք-ամերիկեան յարաբերութիւններին, այլ նաեւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը:
Թուրք ազգայնականի զգուշացումները լսելով ինչպէս չյիշել մեր ոչ վաղ անցեալը, երբ Ղարաբաղեան շարժման ակունքներում Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանի ղեկավարները հայերի ընդվզումը կանխելու նպատակով սպառնում էին, թէ արդեօք հայաստանցիները, սկսելով շարժումը, չեն մտածում Ադրբեջանի քաղաքներում ու գիւղերում բնակւող հայերի ճակատագրի մասին։ Արիւնարբու հրէշի ձեռագիրը չի փոխւում։ Այն պարզապէս պահի տակ քող է կրում կամ դէն է գցում այդ քողը։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: