Saturday, March 20, 2010

Սերժ Սարգսեան.–

Սերժ Սարգսեան.–
Թուրքիան մեզ մեղադրելու բարոյական իրաւունք չունի
11:27 • 20.03.10
Մարտի 4-ի բանաձևը մեզ համար ո՛չ անակնկալ էր, ո՛չ էլ նոր մօտեցում: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ասել է Еuronews հեռուստաալիքին տւած հարցազրոյցում, որը հեռարձակւել է երէկ ուշ երեկոյեան։ Լրագրողի այն հարցին, թէ ինչու հէնց հիմա ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունեց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևը, Սերժ Սարգսեանը պատասխանել է.
«ԱՄՆ-ի քաղաքական կեանքում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումները նորութիւն չեն: Վերջին 10 տարիներին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը մի քանի փորձ է արել բանաձևը քւէրակութեան դնել: Բացի այդ, Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանաչւել է ամերիկեան 42 նահանգների կողմից»,- ասել է նա:«Կարծում եմ` Թուրքիան մեզ որևէ բանում մեղադրելու և նախապայմաններ առաջ քաշելու բարոյական իրաւունք չունի: Երբ դուք սկսում էք յարաբերութիւններ առանց նախապայմանների, դա նշանակում է, որ դուք ազատ էք այս կամ այն թեման չքննարկելու հարցում: Հակառակ դէպքում` որևէ արդիւնքի չէք հասնի: Օրինակ` պատկերացնենք՝ Թուրքիայի խորհրդարանը հրաշքով վաւերացնում է Արձանագրութիւնները, նոյնն անում է Հայաստանի խորհրդարանը: Եւ ահա, մենք վերականգնում ենք յարաբերութիւնները, իսկ որևէ երրորդ կողմ, որը չի ցանկանում դա, յատուկ հէնց այդ ժամանակ բարձրացնում է Ցեղասպանութեան հարցը: Եւ ի՞նչ, Թուրքիան դա օգտագործում է որպէս շարժառիթ մեր երկխօսութիւնը կրկին դադարեցնելո՞ւ համար»,- ասել է Սերժ Սարգսեանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թէ բանաձևն ընդունւում է այն ժամանակ, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկել է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:
Այն հարցին, թէ «Հայաստանի գլխաւոր խնդիրներն են գործազրկութիւնը, տնտեսական մեկուսացումը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ վաղեմի տարաձայնութիւնները… Ձեր կարծիքով` հնարաւո՞ր է այդ խնդիրներն այժմ աւելի հեշտ ձևով լուծել», ՀՀ նախագահը պատասխանել է.
«Թուրքիայի հետ մեր տարաձայնութիւնները երէկ չեն սկսւել: Հայ-թրքական սահմանը փակ է արդէն 17 տարի: Իսկ 17 տարի առաջ որևէ բանաձև էլ չկար… Մենք շատ լաւ ենք հասկանում` Թուրքիան մեծ երկիր է և՛ բնակչութեան, և՛ տարածքի, և՛ հզօրութեան տեսանկիւնից: Նա մի քանի անգամ մեծ է, քան Հայաստանը: Եթէ մենք միմեանցից անջատ ապրէինք, մենք կը հասկանայինք: Սակայն մենք` և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը, միջազգային հանրութեան մաս ենք, և դրա միւս անդամները` Միացեալ Նահագները, Ֆրանսիան, Եւրամիութիւնը, պէտք է ազդանշաններ ուղարկեն, գնահատականներ տան հարևան երկրներում տեղի ունեցող այս կամ այն իրադարձութիւններին և զարգացումներին»:

Tert.am

0 Պատգամ: