Չէր կարելի այս փուլում ընդհանրապէս որևէ յարաբերութիւն սկսել Թուրքիայի հետ


14:51 • 20.03.10
Հայ-թրքական դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու նախաձեռնողական քաղաքականութիւնն ի սկզբանէ դատապարտւած էր պարտութեան, և այսօր էլ դա որպէս պարտութիւն է գրանցւում։
Այսօրւայ ասուլիսին նման կարծիք յայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութեան ատենապետ Լիւդմիլա Սարգսեանը՝ նշելով, թէ թուրքը միշտ մնում է թուրք։
Ըստ Սարգսեանի՝ չէր կարելի այս փուլում ընդհանրապէս որևէ յարաբերութիւն սկսել Թուրքիայի հետ։ Ի սկզբանէ ակնյայտ էր, որ չնայած իշխանութիւնների այն պնդմանը, թէ ստորագրւած արձանագրութիւններում ոչ մի նախապայման չկայ, այնուամենայնիւ, Թուրքիան Ղարաբաղի հարցում Հայաստանի կողմից զիջումներ է ակնկալում և ուրանում է Ցեղասպանութիւնը։
«Մեր կուսակցութիւնը գտնում է, որ այդ նախապայմաններն արձանագրուիւնների մէջ ուղիղ ձևակերպւած են։ Այն փաստը, որ պէտք է պատմաբանների յանձնախումբ ստեղծւի, մեզ համար ընդունելի չէ, քանի որ կասկածի տակ է դնում Ցեղասպանութեան փաստը»,- ասաց նա։
Սարգսեանը նաև նշեց, որ ներկայ փուլում Թուրքիան շտապելու որևէ խնդիր չունի, քանի որ նրա հիմնական խնդիրը Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնելն էր։ Ըստ նրա՝ չնայած ԱՄՆ ճնշումներին, որը Հայոց Ցեղասպանութեան հարցը և բազմաթիւ նման հարցեր ընդամէնը որպէս ճնշման գործիք է օգտագործում Թուրքիայի դէմ, արձանագրութիւնները Թուրքիայի կողմից չեն վաւերացւի։ Թուրքիան կը վաւերացնի դրանք միայն այն դէպքում, եթէ Ղարաբաղի հարցում Հայաստանը գնայ որոշակի զիջումների։
Սարգսեանը կարծում է, որ Հայ-թրքական սահմանը կարելի էր բացել միայն բանակցութիւնների արդիւնքում և առանց փաստաթղթերի ստորագրման։
Նրա ընդդիմախօս, ԱԺ ՀՀԿ խմբակցութեան անդամ Վարդան Այւազեանը, սակայն, այլ տեսակէտ արտայայտեց. «Գործ չանողը ոչինչ չի ունենում: Հայաստանն ընդամէնը ցանկանում էր առանց նախապայմանների բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել»։ Նա համամիտ է այն կարծիքին, որ գործընթացն այսօր փակուղում է յայտնւել։
Ըստ Այւազեանի՝ թուրքական կողմի պահւածքից պէտք է հետևութիւններ անեն այն երկրները, որոնք այս գործընթացի նախաձեռնողն են եղել և մասնակցել են արձանագրութիւնների նախաստորագրմանը։ Նրա խօսքով՝ Թուրքիան շրջանցել է այդ երկրներին և իրեն յարմար քաղաքականութիւն է վարում։
Հայաստանն այս պարագայում, ըստ Այւազեանի, շահեկան դիրքերում է, քանի որ «միջազգային հանրութիւնը համոզւում է՝ գործընթացը Թուրքիայի մեղքով է ձախողւում»։


Tert.am

0 Պատգամ: