Ասում էինք չէ` Թուրքիան չի փոխւել
«...Եւ այս մտածողութեամբ թուրքերն ուզում են Եւրոմիութիւն մտնե՞լ, ուզում են գերմանացիների հետ նոյն տան մէջ ապրե՞լ»:
Արա Պապեան
17 մարտի 2010թ.
Թուրքիայում ապրում է 170 հազար Հայ, որոնցից 100 հազարն անօրինական են — Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթէ պէտք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից:Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտ 2010թ.
Թուրքիայում բնակւող հարիւր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առաւելագոյնը կարելի է խօսել Թուրքիայում բնակւող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խօսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի եւ, յատկապէս, աշխարհի արձագանքի:
Աւելի ճիշտ, այդ արձանգանքի բացակայութեան մասին:Երբ Նիդերլանդների Ազատութեան կուսակցութեան ղեկավար, ընդամէնը կուսակցութեան ղեկավար եւ պատգամաւոր, Գիիրդ Ուիլդրսը, (Geert Wilders) յայտարարեց, որ պէտք է երկրից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթեալներին, աշխարհը ծառս եղաւ. ինչպէ՞ս կարելի է, ու՞ր մնացին մարդու իրաւունքները: Միանգամայն ճիշտ արձագանք:
Իսկ ինչո՞ւ է այսօր աշխարհն անարձագանք թողնում Թուրքիայի գործադիր իշխանութեան ղեկավարի, վարչապետ Էրդողանի նոյնաբնոյթ յայտարարութիւնը հայերի դէմ: Ի՞նչ է, վախենում էք Թուրքիայի դէմ խօսել: Բա ու՞ր մնացին ձեր սկզբունքներն ու մարդու իրաւունքները: Ներկայումս Միացեալ Նահանգներում ապրում է 10-12 միլիոն անօրինական ներգաղթեալ լատինամերիկեան երկրներից: Սրանք ոչ միայն անօրինական են գտնւում այդ երկրում, այլեւ մեծ մասամբ անօրինական են մուտք գործել Ամերիկա:
Այսուհանդերձ, ի տարբերութիւն Թուրքիայում բնակւող հայաստանցիների, նրանց երեխաներն իրաւունք ունեն դպրոց յաճախել եւ նրանք պետութեան կողմից ստանում են զգալի սոցիալական աջակցութիւն: Եւրոպայի միութեան երկրներում, ուր այդքան ջանասիրաբար ձգտում է Թուրքիան, անօրինական ներգաղթեալների թիւը 8-10 միլիոն է: Նրանց մէջ կան մի քանի հարիւր հազար գաղթական Թուրքիայից: Սրանց մի մասը, ի տարբերութիւն Թուրքիայում բնակւող հայաստանցիների, ապրում է տեղացի հարկատուների հաշւին:
Զանազան տւեալներով այսօր ԱՄՆ-ում ապրում է 1.5-3 միլիոն արաբ` ծագումով կամ քաղաքացիութեամբ: Տւեալներն անյստակ են ու էապէս տարբեր, քանի որ նրանց մի զգալի մասն անօրինական է գտնւում այդ երկրում: Երբ 2001թ. սեպտեմբերի 11-ին Միացեալ Նահանգները ռազմական յարձակման ենթարկւեցին արաբների կողմից, ամերիկեան որեւէ պաշտօնեայ չխօսեց ԱՄՆ-ում անօրինական բնակւող արաբներին արտաքսելու մասին:
Ամերիկեան հասարակութիւնը գալարւում էր ցաւի, վիրաւորանքի ու վրդովմունքի ճիրաններում, սակայն որեւէ մէկի մտքով իսկ չանցաւ յարձակումը կազմակերպած ու իրականացրած արաբների պատճառով վտարել երկրում անօրինական բնակւող արաբներին: Հիմա պատկերացնենք աշխարհի արձագանքը, եթէ Բուշը յանկարծ որոշէր, ի պատասխան իր երկրի վրայ յարձակման, ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ամերիկաբնակ արաբներին:
Վստահաբար «ողջ առաջադէմ մարդկութիւնը» կը միանար հակաամերիկեան ցոյցերի, բողոքների ու ճառերի մէջ: Եւ ճիշտ էլ կանէր: Ամէն մէկը պատասխանատու է իր արարքի համար: Խմբակային պատիժների ժամանակներն անցել են: Էրդողանի սպառնալիքի անհեթեթութիւնը պատկերացնելու համար եկէք քննեեք մեր իրավիճակը: Հայաստանը չի յարձակւել Թուրքիայի վրայ: Հայերը օդանաւ չեն քշել Կապոյտ մզկիթի կամ Աթաթուրքի դամբարանի վրայ:
Հայերը երեքուկէս հազար թուրք չեն սպանել Ստամբուլի կենտրոնում, ինչպէս ոմանք Նիւ-Եորքի կենտրոնում: Պարզապէս ԱՄՆ-ի եւ Շւէդիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը տւեալ դէպքում ծագումով Հայ է, օրինական եւ քաղաքակիրթ ճանապարհով հասել է նրան, որ ԱՄՆ եւ Շւէդիայի խորհրդարանները տարբեր մակարդակներով բանաձեւեր են ընդունել: Ես չեմ էլ անդրադառնում անգամ այդ բանաձեւերի բովանդակութեանը եւ բնոյթին:
Դրանք տւեալ դէպքում էական էլ չեն: Կարեւորը Թուրքիայի արձագանքն է եւ այդ արձագանքը դատապարտող եւրոպական եւ ամերիկեան արձագանքի բացակայութիւնը: Հայաստանը, ցաւօք սրտի, որեւէ մասնակցութիւն չի էլ ունեցել այդ բանաձեւերի ընդունման գործում, սակայն Թուրքիան ատամներ է կռճտացնում Հայաստանի դէմ: Եթէ թուրքերը վերոյիշեալ բանաձեւերից նեղւած են, թէեւ անմտութիւն է նեղւել ճշմարտութեան վերահաստատումից, թող Թուրքիայից արտաքսեն ամերիկացիներին եւ շւէդներին:
Ի՞նչ է, ատամը չի բռնում, թէ միայն մեր դէմ յոխորտալ գիտեն: Եւ այս մտածողութեամբ թուրքերն ուզում են Եւրոմիութիւն մտնե՞լ, ուզում են գերմանացիների հետ նոյն տան մէջ ապրե՞լ: Էրդողանի խօսքերից միջնադարի ու հաշւեյարդարի հոտ է գալիս: Ասում էինք չէ` Թուրքիան չի փոխւել:
Արա Պապեան
Մոդուս վիւենդի կենտրոնի նախագահ
17 մարտի 2010թ.
0 Պատգամ:
Post a Comment