Milliyet.– Էրդողանի աւելորդ ինքնավստահութիւնը նեղն է գցել Թուրքիային
11:39 / 19.03.2010
Լոնդոնում Թուրքիայում ապրող անօրինական հայերին յետ ուղարկելու յայտարարութիւնն արած Թուրքիայի վարչապետին ուղղւած քննադատական հրապարակումով է հանդէս եկել թուրքական Milliyet-ի թղթակից, վերլուծաբան Քադրի Գիւրսելը:
«Ցաւօք Ռեջեփ Թայիփ Էրդողանի աւելորդ ինքնավստահութիւնը դարձաւ Թուրքիային նեղ վիճակի մէջ գցելու պատճառ: Ինքնավստահութեան սինդրոմով տառապող առաջնորդները հաւատում են, որ իրենք մեծ գործեր կարող են անել եւ ամէն իրավիճակում իրենք ճիշտ են, ինչը բերում է սխալ որոշումների եւ այդ երկրները վտանգաւոր կորուստներ են ունենում: Պատմութեան մէջ սրա օրինակները շատ են: Մենք BBC-ին տւած հարցազրոյցում տեսանք, որ Էրդողանի ինքնավստահութիւնը թոյլատրելի չափերն անցել է: „Իմ երկրում 170 հազար հայ կայ: Նրանցից 70 հազարը իմ երկրի քաղաքացի է, իսկ միւս 100 հազարը մեր երկրում անօրինական են ապրում: Իսկ ես ի՞նչ անեմ վաղը: Այդ 100 հազարին ասելու եմ դէ գնացէք ձեր հայրենիք; Դա եմ անելու: Ինչո՞ւ. Որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն եւ պարտաւոր չեմ իմ երկրում նրանց պահել“-նշել է Էրդողանը:
Նախ մի ոճային քննադատութիւն: Պարոն վարչապետ, այդ նշած 100 հազարը ձեր ձեռքում քաղաքական պատանդի վիճակո՞ւմ են…: Չէ՞ք զգում, որ ձեր ոճը վայել չէ ժողովրդավարական երկրի վարչապետին: Կամ էլ պարոն վարչապետ, ասացիք, որ 70 հազարը իմ քաղաքացին է: Ոչ, նրանք քո քաղաքացիները չեն` այլ Թուրքիայի հանրապետութեան քաղաքացիներն են:
Բարոյականութեան առումով, սրանից աւելի ցածր կողմ չկայ: Ցանկալի է, չէ՞, որ արեւմտեան երկրների խորհրդարաններում ցեղասպանութեան նախագծերը կանխարգէլւեն: Շատ լաւ, իսկ ո՞ր բարոյական հասկացութեան մէջ է տեղաւորւում անօրինական ապրողներին նման նպատակների համար օգտագործելը: Մի՞թէ այն երեխայական տրամաբանութիւնն ունէք, թէ հիմա հայերին կը վռնդենք, նրանք յետ կը գնան Հայաստան, այնտեղ տնտեսութիւնը կը քանդւի, եւ հայերը սփիւռքին կասեն „Յետ կանչէք ցեղասպանութեան օրինագծերը: Իսկ սփիւռքն էլ կասի, այո“: Իսկ մի՞թէ սփիւռքի դէմ միջոցը` ցիւրիխեան արձանագրութիւնների վաւերացումը չէ: Թէ՞ այս իշխանութեան վերնախաւը վրէժխնդրութեան սինդրոմ ունի: Այսինքն, եթէ ԱՄՆ-ում կամ Շւէդիայում որոշ հայեր վատութիւն են արել` մենք էլ այստեղ ցանկացած հայի բռնենք ու վատութիւն անենք: Կամ ո՞ւմ վատութիւն անենք:
Եւրասիայի հիմնադրամի համատեղ զեկոյցում նշւել է, որ Թուրքիայում անօրինական ապրող հայերի 96 տոկոսը կանայք են եւ հիմնականում 1988-ի երկրաշարժից տուժածներ, որոնք երեխայ են պահում, կամ մաքրարարութեամբ են զբաղւում: Ինչո՞ւ պէտք է նրանց վատութիւն անենք: Վարչապետի նշած թիւն էլ բաւականին ուռճացւած է: Այդ խնդրով զբաղւող Ալին Օզինյանը նշել է, որ Թուրքիայում անօրինական ապրում է 13-15 հազար հայ: Հայկական հարցը „փափուկ“ ձեւով կը լուծւի: Եւ ստորագրւած արձանագրութիւնները` հէնց դա են ապահովում Թուրքիային»-նշել է իր հրապարակման մէջ Քադրի Գիւրսելը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: