Թուրք երիտասարդները դէմ են դուրս եկել իրենց երկրի վարած հակահայ քաղաքականութեանը
«Մենք չենք ուզում լինել Թալէաթի, Էնվէրի եւ միւսների կողմից արեւելեան նահանգներում հայերին կոտորողների թոռները»
18:33 / 18.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած յայտարարութեան արձագանքները Թուրքիայում շարունակում են աճել: Այս անգամ էլ թուրք երիտասարդները հաւաքւել են Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում եւ խիստ քննադատութեան են ենթարկել Էրդողանին եւ հակահայ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան պատգամաւորներին, մասնաւորապէս՝ սկանդալային, երդւեալ հակահայ Ջանան Արըթմանին:
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ` երիտասարդների մօտ եղել է 1900 թւականների մի լուսանկար, որտեղ Թալէաթ փաշայի գլխի փոխարէն տեղադրւած է Էրդողանի գլուխը, իսկ կողքին Ջանան Արըթմանը: Նկարի մէջ Էրդողանը ասում է «Հայերին Էրզրում-Կարսով ուղարկենք», իսկ Արըթմանը` «տկլոր եւ ոտքով»:
Երիտասարդները պահել են նաեւ պաստառներ, որոնց վրայ գրւած է եղել. «Էրդողանը Քասըմփաշայում ծնւեց եւ իթթիհադական (Հայոց Ցեղասպանութիւնը իրականացրած երիտթուրքերի կուսակցութեան անդամ) դարձաւ», «Երիտասարդ քաղաքացիականները անհանգստացած են»:
Երիտասարդների անունից յայտարարութեամբ հանդէս եկած Ջերեն Քենարը հեգնել է Էրդողանին` ասելով. «Այն ժամանակներում չեն հարցրել, թէ 2010-ին մի յանձնաժողովի կողմից ընդունւած որոշմանը նման կերպով արձագանքած պետութիւնը 1915-ին ի՞նչ կաներ: 95 տարի նոյն պետական ռեֆլեքսն է: Թալէաթ փաշայից մինչեւ Էրդողան փաշան քանի՞ վեզիր (վարչապետ) է անցել:
Վարչապետի յայտարարութիւնները միջազգային իրաւունքին եւ խղճին հակասում են: Թալէաթ ու Էնվէր փաշաների դատապաշտպաննե՞րն ենք դարձել: Մենք չենք ուզում լինել Թալէաթի, Էնվէրի եւ միւսների կողմից արեւելեան նահանգներում հայերին կոտորողների թոռները, այլ ուզում ենք լինել այն մարդկանց թոռները, ովքեր հայերին թաքցրել են իրենց տներում եւ պաշտպանել կոտորածից»,- նշել է Ջերեն Քենարը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: