«Նարեկացի» համոյթը եւրոպացիներին կներկայացնի հայկական երաժշտութիւնը

12:18 • 17.04.10
Ապրիլի 22-ից մայիսի 8-ը «Նարեկացի» ժողովրդական նւագարանների համոյթը «Երկիր Եւրոպա» կազմակերպութեան հրաւէրով համերգներով հանդէս կը գայ եւրոպական 10 քաղաքներում:
Ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին Փարիզում կը կայանայ բարեգործական համերգ, որի ամբողջ հասոյթը կտրամադրւի 2008թ. աւտովթարից տուժած իննամեայ Ալեքս Չուֆլաքեանի բուժմանը:
Համոյթը կայցելի նաև շւէյցարական Ժնև, Ցիւրիխ, Լուգանո, ֆրանսիական Լիոն, Թուլուզ, Մոնթելիմար, Ռոման, Սարլա, Սենթ Շամասի և Կահոր քաղաքներ, կը մասնակցի վարպետութեան դասերի Ռոմանի երաժշտանոցում և եւրոպացի հանդիսատեսին կծանօթացնի հայկական ժողովրդական նւագարաններին:
Ինչպէս յայտնում են «Նարեկացի» արւեստի միութիւնից, համերգային ծրագրում, թերևս ամենախորհրդանշականը ապրիլի 24-ին Լուգանոյում (Շւէյցարիա) կայանալիք միջոցառումն է, որը ներկայացնելու է Հայ հոգևոր երաժշտութեան նմուշներ և ցուցահանդէս` նւիրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Միջոցառումը կանդրադառնայ նաև շւէյցարացի միսիոներ Յակոբ Կիւնցլերին, որը Ցեղասպանութեան, հայութեան տառապանքների ականատեսն է եղել և իր մարդասիրական գործունեութեամբ մեծ և անփոխարինելի աշխատանք է կատարել` ի նպաստ հայերի:
Եւրոպայում բարեգործական համերգային ծրագրին օժանդակելու, ինչպէս նաև համոյթի հետագայ ծրագրերին սատարելու նպատակով ապրիլի 18-ին Երևանի Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը, կը կայանայ բարեգործական համերգ։

Tert.am

0 Պատգամ: