WIKILEAKS. -

Ալիեւը շատ է սիրում բամբասել



Դեկտեմբեր 17, 2010թ. 09:59
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, պարզւում է, շատ է սիրում բամբասել կամ առնւազն «ներկայացնել» իր դատողութիւններն ու գնահատականները տեղի ունեցող եւ չունեցող տարբեր երեւոյթների առնչութեամբ: Ամէն դէպքում, ըստ Wikileaks կայքէջի, որ շարունակում է բացայայտել ամերիկեան դիւանագէտների «դիւանագիտական» հաղորդագրութիւններն ու գաղտնի փաստաթղթերը, Ալիեւը քաղաքական գործիչ ու երկիր, երկրի ղեկավար ու միջազգային կազմակերպութիւն չի թողել, որի մասին կարծիք արտայայտած չլինի ամերիկեան դիւանագէտների հետ շփումներում:
«Guardian»-ի վերջին հրապարակման համաձայն, Ալիեւը հասցրել է նաեւ դժգոհել «Բրիթիշ Պետրոլիումից», թէ վերջինս «թեթեւակի շանտաժի է ենթարկում» Արդրբեջանին: Զուտ գազային յարաբերութիւնների կտրւածքով դրանցում Ադրբեջանն ու նաւթային ընկերութիւնը, ըստ 2006 թ. գրւած ու ներկայումս գաղտնազերծւած փաստաթղթերի, փաստացի առաջնորդւում են ամենասովորական «բազարի» կանոններով:
Ալիեւն իր հերթին է սրա-նրա քթի առաջ խաղարկում այդ ժամանակահատւածում գազ գնելու Ռուսաստանի ներկայացրած առաջարկը, բրիտանական ընկերութիւնն էլ իր շահերի շրջանակներում է շահարկում իր հնարաւորութիւնները` որոշ հարցերում զիջումներ անելու պատրաստակամութիւնը Ալիեւի վրայ «վաճառելով» Ադրբեջանում գործունէութիւն ծաւալելու մասին պայմանագիրը երկարաձգելու դիմաց:
Առաւել հետաքրքրական է, որ այս ամէնը Միացեալ Նահանգներ է հասցրել հէնց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ընդ որում` «Բրայզայի ուշադրութեանը»: Ընդ որում, ըստ գաղտնազերծւած հաղորդագրութեան, Ալիեւը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել մինչ այդ Բաքու այցելած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ քննարկումների մանրամասները: Այս ժամանակահատւածում էլ, ինչպէս եւ այլ պարագաներում, Ալիեւը յայտնել է, թէ «Թուրքիայի մօտեցումը անկեղծ չէ», նկատի ունենալով սպասւող եռակողմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հանդիպումը` քննարկելու էներգետիկ հարցեր:
«Guardian»-ը հրապարակել է նաեւ դիւանագիտական հաղորդագրութիւններ, որ մինչեւ Մեքզիկական ծոցում տեղի ունեցած յայտնի վթարը միջադէպ է տեղի ունեցել Ադրբեջանում` 2008-ի սեպտեմբերին: Որպէս Մեքզիկական ծոցից աղէտից ոչ պակաս աղէտ է նշւում գազի արտահոսքը Շահ-Դէնիզ հանքավայրում: Ընդ որում, Ադրբեջանում տեղի ունեցած այս վթարը British Petroleum-ը ամէն կերպ փորձել է թաքցնել:


Ա.ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ


ArmAr.am

1 Պատգամ:

Anonymous said...

Սիրելի Վարդան, ես գիտեմ ու մօտիկից ծանօթ եմ, որ յեղափոխութեան նախօրեակից մինչեւ յետոյ, դու որպէս թղթակից մօտիկից ներկայ ես եղել բոլոր այն անց ու դարձերին, որոնք կապւած են մեր համայնքի բոլոր խնդիրներին։
Նոյնպէս տեղեակ եմ, որ ներկայումս լաւատեղեակներից միայն դու ես մնացել։ Միւսները կամ մահացել են, կամ որպէս ազգային իշխանութեան անդամ, մի կարճ ժամանակւայ համար են ներկայ եղել պետական հանդիպումներին կամ պատահած անցու դարձերին։
Այս պատճառով ել խնդրում եմ բոլոր այն յուշերը որոնք մեծ մասը դեռ պահւում են միայն քեզ մօտ, գրի առնես, կամ ձայնագրես, թէեւ դժւար գործ է բայց կարծում եմ շատ կարեւոր են համայնքի նորագոյն շրջանի պատմութեան համար։ Եթէ այդ բոլորը գրի առնէք, ներկայիս ազգային իշխանութիւնները նոր կզգայ, որ արքայութիւն է անում եւ ոչ թէ ծառայութիւն։