Հարցազրոյց՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ
Հրանտ Մարգարեանի հետ
«Արցախը հայրենի պետութեան եւ մեր բոլորիս
առաջնահերթ պատասխանատւութիւնն է»
Հարցում– Տարածաշրջանի քաղաքական վերջին իրադարձութիւնների համապատկերում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնական եւ ռազմաշունչ յայտարարութիւններ կատարել, երբ զինեալ բախումները սահմանագծում յարատեւ աճ են արձանագրում, ի՞նչ ուղղութեամբ կընթանայ Ղարաբաղի հիմնահարցը եւ ինչպէ՞ս կարժեւորէք քաղաքական իրավիճակը:
Պատասխան.- Առաջին հերթին, ասեմ, որ ադրբեջանական սպառնալիքները կամ ուժի դիմելու այլընտրանքին դիմելու Բաքւի յայտարարութիւնները ինձ չեն մտահոգում: Բացատրեմ ինչու: Ով որ յոխորտում է եւ յոխորտացողի դիրքերից է խօսում՝ նա ամուր դիրքեր կամ յենարան չունի:
Յոխորտալը տկարութեան նշան է: Բաքւի իշխանութիւնները փորձում են համաշխարհային հանրութեան եւ լրատւամիջոցների վրայ այն տպաւորութիւնը թողնել, որ Կասպեան ծովի նաւթային իր պաշարների վաճառքից գոյացած բիւջէի շնորհիւ՝ նրանք ռազմական գետնի վրայ այսօրւայ դրութեամբ աւելի հզօր ու արդիական բանակի ու զինուժի տէր են: Բաքւի այս հաստատումը իրականութեանը չի համապատասխանում:
Նախեւառաջ, աշխարհի տարածքում շատ երկրներ կան, որոնք նաւթային հսկայական պաշարներ ունեն, սակայն դա չի նշանակում, որ հզօր բանակ ունեն: Պարզ ասած՝ նաւթից գոյացած եկամուտը չի նշանակում հզօր ու մարտունակ բանակ ունենալ: Սակայն, նշենք նաեւ, որ սահմանում տեղի ունեցող ռազմական միջադէպերը, ի վերջոյ, որոշ լարւած մթնոլորտ են ստեղծում: Մենք իրաւունք չունենք անտարբերութիւն ցուցաբերել այդ դէպքերին, որովհետեւ դրանք խոր ազդեցութիւն ու ներգործութիւն կը թողնեն մեր ժողովրդի հոգեկանի վրայ:
Ճիշտ այս պատճառով՝ հայկական կողմը, իր հերթին, պէտք է դիմի հակաքարոզչութեան: Մի խօսքով՝ մենք որպէս երկիր, որպէս ժողովուրդ, որպէս պետականութիւն՝ պէտք է պատրաստ լինենք պատերազմի: Այնքան ժամանակ, որ մենք պատրաստ ենք պատերազմի, Ադրբեջանը չի համարձակւի ուժի դիմելու: Իսկ պատրաստ լինելու համար՝ երկրի ներքաղաքական կեանքը առողջ պէտք է լինի: Պէտք է արդարութիւն տիրի:
Պէտք է ստեղծւեն այնպիսի պայմաններ, որ ժողովուրդը համախմբւի հայրենի պետութեան ու իր բանակի շուրջ: Ինձ թւում է, թէ Հայաստանի Հանրապետութիւնը վերջին շրջանում կատարեց քայլեր, որոնք ի վնաս իրեն աւարտւեցին: Ղարաբաղեան հիմնահարցում միշտ գոյութիւն է ունեցել միջազգային ուժերի եւ Թուրքիայի դերակատարութիւնը: Սակայն, նշեմ, որ անցնող 16 տարւայ վրայ ընթացող բանակցութիւնների ընդհանուր պարունակութեան ու դասաւորման մէջ ստեղծւել է մի կացութիւն, ուր հայկական կողմը անիմաստ տեղը արտայայտւել է զիջումների մասին: Այսինքն՝ բանակցութիւնների սեղանի շուրջ հայկական կողմը յստակացրել է իր զիջումները, նախքան որ Ադրբեջանը յստակ դարձնի իր զիջումները:
Սա եղել է մարտավարական մեր ամենից լուրջ սխալն ու վրիպումը: Եւ այսպէս՝ 16 տարիների երկայնքով զիջումների մասին բանակցութեան սեղանի շուրջ նստելու մեր յօժարակամութիւնը, այսօրւայ քաղաքական նեղ դրութեան է հասցրել մեզ: Այսօրւայ դրութեամբ՝ Արցախի սահմանների պաշտպանութեան եւ ժողովրդի անվտանգութեան ապահովման գծով Հայաստանի Հանրապետութեան նախագահի վերջին յայտարարութիւնները դրական եմ գնահատում:
Վերջիվերջոյ, Արցախը հայրենի պետութեան եւ մեր բոլորիս առաջնահերթ պատասխանատւութիւնն է, մեր ապագայ գոյատեւելիութեան հիմնաքարն է:
Հարցում.- Ղարաբաղեան բանակցութիւնների սեղանին յաճախ դրւում է նաեւ ազատագրւած տարածքների հարցը, տարածքներ, որոնք Արցախի համար ապահովութեան գօտի են, պաշտպանութեան պատւար են: Դիւանագիտական գետնի վրայ այս հարցի գծով ի՞նչ պէտք է լինի մեր մօտեցումը:
Հարցում.- Ղարաբաղեան բանակցութիւնների սեղանին յաճախ դրւում է նաեւ ազատագրւած տարածքների հարցը, տարածքներ, որոնք Արցախի համար ապահովութեան գօտի են, պաշտպանութեան պատւար են: Դիւանագիտական գետնի վրայ այս հարցի գծով ի՞նչ պէտք է լինի մեր մօտեցումը:
Պատասխան.- Ես երբեք համաձայն չեմ, երբ մենք ազատագրւած տարածքները ներկայացնում ենք կամ ընդունում ենք որպէս անվտանգութեան գօտի: Այդ տարածքները հայկական հողեր են, հայկական պատմական տարածքներ: Ներկայ աշխարհաքաղաքական իրավիճակով ձեւաւորւել է նոր պետութիւն՝ Արցախի անկախ պետութիւնը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանները պէտք է իրաւականօրէն վերանայման ենթարկւեն եւ ճշտորոշւեն:
Ինչպէս աշխարհի բոլոր պետութիւնների սահմանները ճշտելու պարագայում՝ միջազգային օրէնքներով երեք սկզբունքներ գոյութիւն ունեն.
ա- Պատմական իրաւունքների հաստատում
բ- Անվտանգութեան ապահովում
գ- Տնտեսական կենսունակութեան ապահովում Այս երեք սկզբունքների հիման վրայ պէտք է ճշտորոշւեն Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանները: Չմոռանանք, որ մենք դեռ չազատագրւած հողատարածքներ ունենք, բռնագրաււած Շահումեանն ու դաշտային Մարտակերտն ունենք:
Ցաւալի է, որ այսօր ոչ ոք այդ տարածքների մասին չի խօսում, մա՛նաւանդ որ՝ բանակցութիւնների սեղանի վրայ խնդրոյ առարկայ չեն: Մի խօսքով՝ այդ բոլոր տարածքները մեր պատմական հայրենիքի անքակտելի մասնիկներն են:
Հարցում.- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մօտ անցեալում մաս էր կազմում կառավարական կոալիցիայի, իսկ այսօր գտնւում է ընդդիմադիրի դիրքերում: Ի՞նչ է Դաշնակցութեան ուղեգիծը՝ որպէս ընդդիմադիր կողմ:
Հարցում.- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մօտ անցեալում մաս էր կազմում կառավարական կոալիցիայի, իսկ այսօր գտնւում է ընդդիմադիրի դիրքերում: Ի՞նչ է Դաշնակցութեան ուղեգիծը՝ որպէս ընդդիմադիր կողմ:
Պատասխան.- Որոշ քաղաքական կողմեր տարբեր ձեւերով են բնութագրում ընդդիմադիրի մեր կեցւածքը: Ոմանք չարամտօրէն ասում են, որ մեր կեցւածքը կեղծ է՝ միաժամանակ չվարանելով մեզ դիմել համագործակցութեան ակնկալութեամբ: Որոշ կողմեր էլ ասում են, որ կառուցողական ընդդիմութիւն է Դաշնակցութիւնը: Իսկ ես հաստատում եմ, որ մենք պատասխանատու ընդդիմութիւն ենք:
Պատասխանատու էինք, երբ իշխանութեան մէջ էինք, այսօր եւս պատասխանատու ենք, երբ ընդդիմադիր ենք: Վերջին շրջանում յայտարարել ենք, որ մենք, յանուն մեր երկրի բարօրութեան, գնում ենք իշխանափոխութեան: Բայց, այդ նպատակն իրագործելու համար մենք կոյր եւ անպատասխանատու գործելաոճով չենք առաջնորդւում, որովհետեւ մեզ համար իշխանափոխութիւնը ինքնանպատակ չէ: Մենք գիտակցում ենք, որ այսօր արտաքին քաղաքական ծիրում մեր պետութիւնն առնչւում է թշնամաբար տրամադրւած երկրների ճնշումների հետ, առնչւում ենք նաեւ տարբեր հաշւարկների բերումով միջազգային ուժերի ճնշումների հետ:
Ճիշտ այս պատճառներով մենք չենք ուզում, որ մեր բռնած ուղին առիթ ու պատրւակ դառնայ, որ մեր ազգային գերխնդիրների առնչութեամբ կորուստներ ունենանք: Ճիշտ այս պատճառով՝ մենք պատասխանատւութեամբ ենք գնում առաջ, առանց ներազգային ցնցումների՝ գնում ենք իշխանափոխութեան, ժողովրդավար ընտրութիւնների միջոցով գնում ենք իշխանափոխութեան:
Հարցում.- Հայ ժողովրդի պահանջատիրական դատի ծիրում վերջերս սկսել է ընդհանրանալ մի երեւոյթ, ուր մի շարք հայեր իրենց գերդաստանների հանդէպ գործադրւած թուրքական անիրաւութիւնների փաստարկները ի յայտ բերելով՝ անհատական նախաձեռնութեամբ դատ են բացում թուրքական կառավարութեան դէմ: Ի՞նչպէս էք բնութագրում այս երեւոյթը:
Հարցում.- Հայ ժողովրդի պահանջատիրական դատի ծիրում վերջերս սկսել է ընդհանրանալ մի երեւոյթ, ուր մի շարք հայեր իրենց գերդաստանների հանդէպ գործադրւած թուրքական անիրաւութիւնների փաստարկները ի յայտ բերելով՝ անհատական նախաձեռնութեամբ դատ են բացում թուրքական կառավարութեան դէմ: Ի՞նչպէս էք բնութագրում այս երեւոյթը:
Պատասխան.- Ցեղասպանութեան հարցը այն համազգային հարցն է, որի շուրջ ողջ հայութիւնը համախմբւել է: Ճիշտ այդ միասնականութեան պատճառով՝ մենք կարողացել ենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը միջազգային մակարդակում լայնօրէն արծարծել: Սակայն, հատուցման խնդիրը մեզ համար նոր ու չուսումնասիրւած խնդիր է: Ես կարծում եմ, թէ հատուցման հարցում հայութիւնը պէտք է որդեգրի համազգային կեցւածք:
Հատուցման հարցի գծով գործը պէտք է մէկը սկսէր. Դաշնակցութիւնը սկսեց: Մենք քննարկման սեղանի վրայ դրեցինք հարցը եւ խորաթափանցօրէն զննեցինք հարցի տարբեր ոլորտները: Սակայն, այստեղ շեշտեմ, որ մենք յաւակնութիւն չունենք այս հարցի վերջնական եզրակացութիւնը բանաձեւելու կամ եզրակացութեան յանգելու: Մենք կարծում ենք, թէ հարցի եզրակացութիւնը պէտք է դառնայ համազգային համախոհութեամբ ստեղծւած համոզում:
Ակադեմական մակարդակում վիթխարի աշխատանք կայ կատարւելիք այս ուղղութեամբ: Իսկ ինչ վերաբերում է այն անհատական նախաձեռնութիւններին, ուր մի շարք հայրենակիցներ փորձում են հատուցման դատական գործընթաց նախաձեռնել անհատաբար, մենք կարծում ենք, թէ նրանք սխալ ուղղւածութեան մէջ են: Ոչ ոք իրաւունք չունի իր անձնական հարցը լուծելու ջանադրութեան մէջ մոռանալ համընդհանուր ազգի իրաւունքները եւ իր միւս հայրենակիցներին զրկել հատուցման իրաւունքից:
Հարցում.- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բոլորել է իր 120-րդ տարին: Այս յոբելեանի առիթով, ի՞նչ է Ձեր պատգամը կանադահայութեանը եւ սփիւռքահայութեանը:
Հարցում.- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բոլորել է իր 120-րդ տարին: Այս յոբելեանի առիթով, ի՞նչ է Ձեր պատգամը կանադահայութեանը եւ սփիւռքահայութեանը:
Պատասխան.- Այսօրւայ կացութեամբ, հակառակ Հայրենիքում գոյութիւն ունեցող մի շարք թերութիւնների, Սփիւռքն ու սփիւռքահայը չպէտք է յոռետեսութեամբ մօտենան Հայրենիքին, աւելի՛ն՝ իւրաքանչիւր հայ անհատ իր երկրի հանդէպ չպէտք է ստեղծի յոռետեսութիւն, որովհետեւ այդ ընթացքով մենք մեր նոր սերունդին զրկում ենք Հայրենիքի ու մայր հողի հանդէպ դրական պատկերացում ունենալու ընտրանքից: Թոյլ չտանք, որ յոռետեսութիւնը մթագնի մեր ուղեղները:
Իսկ այսօրւայ քաղաքական իրականութեան մէջ մենք չենք անդրադառնում, որ հայ ժողովուրդը վերջին 600 տարւայ ընթացքում իր ամենից բարօր ժամանակաշրջանն է անցնում, որովհետեւ այսօր ունենք անկախ պետականութիւն, ունենք ազատագրւած Արցախ, որովհետեւ մենք որպէս պետութիւն՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարեւոր գործօն ենք դարձել:
Մենք այսօր կարողանում ենք միջազգային փոխյարաբերութիւնների վրայ ազդել, եւ այս ամբողջը նոր երեւոյթ է: Այս բոլորը փաստում է, որ հայ ժողովուրդը իր գոյատեւման ճանապարհին նոր վերելքի մէջ է: Մենք որպէս ազգութիւն եւ հայրենիք՝ այսպիսի նպաստաւոր պայմաններում չենք եղել: Եւ եթէ մեր ուժերը համատեղենք ու միասնաբար ձեռք-ձեռքի գործենք, այսօր կունենանք բոլոր հնարաւորութիւնները՝ զարգացման մի նոր գործընթացի մէջ մտնելու:
ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ
ՎԱՐԵՑ ՎԱՀԱՆ ԳԱՐԱԳԱՇԵԱՆԸ
(ԿԱՆԱԴԱ)
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment