Հայկական յուշարձանների ոչնչացման համար

Հայաստանն Ադրբեջանին պէտք է դատի տայ


«Այսօր միայն Ջուղայից ենք խօսում, բայց Նախիջևանի խորքերում գտնւող բոլոր յուշարձաններն էլ ոչնչացւել են»


13:50 • 16.12.10
Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական յուշարձանները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող ՀԿ նախագահ, յուշարձանագէտ Սամւէլ Կարապետեանը՝ նշելով, որ Հիւսիսային Արցախի, Նախիջևանի տարածքի յուշարձաններն ադրբեջանցիների ձեռքով շարունակւում են ոչնչացւել։ Կազմակերպութեան կողմից հաւաքագրւած փաստերը գրքի տեսքով կհրատարակւեն յաջորդ տարեսկզբին։ Ըստ Կարապետեանի՝ իրենք ունեն Գետաշէնի, Մարտունաշէնի և Ադրբեջանի տիրապետութեան տակ գտնւող այլ հայկական բնակավայրերում գտնւող հայկական յուշարձանների աւերման մասին փաստեր, լուսանկարներ։
Յուշարձանագէտի խօսքով՝ այս բարբարոսութեանը վերջ տալու համար հայկական կողմը պէտք է վճռական քայլերի դիմի։ «Ամենալաւ տարբերակը ամէն մի աւերւած յուշարձանի համար հայկական կողմից դատական հայց ներկայացնելն է։ Այսօր միայն Ջուղայից ենք խօսում, բայց Նախիջևանի խորքերում գտնւող բոլոր յուշարձաններն էլ ոչնչացւել են։ Մինչև մենք չկպնենք Ադրբեջանի գրպանին, այս հարցը չի լուծւի»,- ընդգծեց մասնագէտը։
Ասուլիսի միւս բանախօս, Հայաստանի ճարտապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանն էլ նշեց, որ Հայաստանը պետական մակարդակով պէտք է այս հարցը լուծի՝ հակադարձելով Ադրբեջանի քարոզչութեանը։ «Մենք պէտք է բազմալեզու գրեքեր հրատարակենք հայկական ճարտարապետութեան մասին, այնինչ աշխարհի տարբեր երկրներում ընթացող գիտաժողովներին ներկայանում ենք աղքատիկ նիւթերով։ Պետական մակարդակով պէտք է լուծել այս հարցը, քանի որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում քարոզչութեան վրայ»,- ասաց Մինասեանը։
Անդրադառնալով թուրքական կողմի այն յայտարարութիւններին, թէ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող հայկական խաչքարերն իրականում ուտիներին են պատկանում՝ Սամւէլ Կարապետեանը նշեց. «Ուտիները Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ են եղել, 1500 տարի ապրել են հայերի կողքին։ Ճշմարտութիւնը հետևեալն է՝ եթէ մի ազգ երկար ժամանակ ապրում է այլ ազգի կողքին, դառնում է այդ ազգի մշակոյթի կրողը։ Ուտիները Հայ մշակոյթի կրողն են եղել»։

Tert.am

0 Պատգամ: