Լեռնային Ղարաբաղում վաղը խորհրդարանական ընտրութիւններ են

14:46 • 22.05.10
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում վաղը կանցկացւեն խորհրդարանական ընտրութիւններ։ ԼՂՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի պաշտօնական կայքից տեղեկանում ենք, որ Արցախի խորհրդարանի ընտրութիւնները, օրէնքի համաձայն, անցկացւելու են համամասնական և մեծամասնական ընտրակարգով։
Ըստ ԼՂՀ ԿԸՀ պաշտօնական տւեալների, խորհրդարանական ընտրութիւններին համամասնական ընտրակարգով մասնակցում են «Ազատ հայրենիք«, Արցախի ժողովրդավարական, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական և Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնները։
«Ազատ հայրենիք« կուսակցութեան առաջին եռեակում են ԼՂՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուդիկ Հիւսնունցը և Ստեփանակերտի թիւ 1 հիմնական դպրոցի տնօրէն Ռամելա Դադայեանը։
Արցախի ժողովրդավարական կուսակցութեան առաջին եռեակում են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանութեան, անվտանգութեան և օրինապահութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստեանը և ԼՂՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար–նախարար Սուրէն Գրիգորեանը։
Խորհրդարանական ընտրութիւններին մասնակից ԼՂ կումունիստական կուսակցութեան համամասնական ընտրացուցակը գլխաւորում է նոյն կուսակցութեան անդամ Հրանտ Մելքումեանը։ Ցուցակի յաջորդ երկու ներկայացուցիչներն են Մարտունու թիւ 1 միջնակարգ դպրոցի տնօրէն Վալերի Հայրապետեանը և «Պիրամիդա« ՓԲԸ տնօրէն Գիւլչեխրա Հայրապետեանը։
ՀՅ Դաշնակցութեան համամասնական ցուցակի եռեակում են ՀՅԴ անդամ, «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի տնօրէնի տեղակալ Արմէն Սարգսեանը, անկուսակցական, ԼՂՀ նախագահի խորհրդական Վիտալի Բալասանեանը և ՀՅԴ անդամ, Արցախի պետհամալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայեանը։
Մեծամասնական ընտրակարգով պատգամաւորութեան թեկնածուներ են առաջադրւել 16 ընտրատարածքներից։

Tert.am

0 Պատգամ: