Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութիւն.–
Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնները իրադրութեան սրման պատճառ են դառնում
Յուլիս 03, 2010 12:56
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը քննադատել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Էլդար Սաբիրօղլուի այն յայտարարութիւնը, թէ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու Երեւանի նախաձեռնութիւնը «չի լուծի խնդիրը»:
«Այս առնչութեամբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խօսնակին ցանկանում ենք յիշեցնել, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապէս կարող է թուլացնել շփման գծում առկայ լարւածութիւնը եւ նւազեցնել կորուստները»,- նշել են պաշտպանութեան նախարարութիւնից:
«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի յայտարարութեանը, ապա հերթական անգամ յայտնում ենք, որ հայկական Զինեալ ՈՒժերը ստորաբաժանումները խստօրէն հետեւում են հրադադարի պահպանմանը եւ պատասխան գործողութիւնների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի գնդակոծումներին: Ասւածի վառ ապացոյցն է յունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետեւանքով երկուստէք կան զոհեր եւ վիրաւորներ»,- ասւած է Հայաստանի ՊՆ յայտարարութեան մէջ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչութիւնը նշել է նաեւ, որ կառուցողական դիրքերից հանդէս գալու փոխարէն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը մշտապէս հանդէս է գալիս ռազմատենչ յայտարարութիւններով, պատերազմի սպառնալիքներով եւ ապատեղեկատւութիւն տարածելով, ինչը ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը, այլեւ` պատճառ է դառնում իրադրութեան սրմանը Հայ-ադրբեջանական շփման գծում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: