Եւրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումների մասին

13:05 / 18.12.2009
Եւրախորհրդարանը դեկտեմբերի 16-ին բանաձեւ է ընդունել «Ադրբեջանում խօսքի ազատութեան մասին» վերտառութեամբ, որտեղ կոշտ գնահատականներ են տրւել Ադրբեջանում խօսքի եւ կարծիքի արտայայտման ազատութեան վիճակին, յայտնում է Turan գործակալութիւնը:
Աղբիւրի տւեալներով, փաստաթուղթն ընդունւել է պատգամաւորների մեծ մասի նախաձեռնութեամբ, որոնք ամփոփել են միջազգային կազմակերպութիւնների զեկոյցներն ու Ադրբեջանում ԶԼՄ աշխատակիցների դատավճիռների, հետապնդումների եւ սպառնալիքների փաստերը:
Եւրախորհրդարանը «անհանգստութիւն է յայտնում Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակի վատթարացման կապակցութեամբ, դատապարտում է ընդդիմադիր լրագրողների հետապնդումները, դատապարտումներն ու ձերբակալութիւնները՝ տարբեր քրէական մեղադրանքներով, եւ կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին՝ անյապաղ ազատ արձակել ձերբակալւած լրագրողներին»:
Եւրախորհրդարանը պահանջում է նաեւ թոյլատրել BBC, «Ամերիկայի ձայն» եւ «Ազատութիւն» ռադիոկայանների հեռարձակումը, որոնք արգելւել էին 2008թ դեկտեմբերին:
Բանաձեւում նաեւ նշւում է Բաքւի եւ Բրիւսելի միջեւ երկխօսութեան ակտիւացման անհրաժեշտութիւնը՝ մարդու իրաւունքների, արդարադատութեան ոլորտում բարեփոխումների անցկացման, ներգաղթեալների իրաւունքների եւ այլ հարցերում:
Ամփոփման մէջ Եւրախորհրդարանը պահանջում է վերանայել ԶԼՄ-ների նկատմամբ անվտանգութեան կառոյցների վերաբերմունքը՝ քանի որ «նրանց աշխատանքն ու ոճը հեռացնում են Ադրբեջանին Եւրամիութիւնից»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: