ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՆ ԾԵԾԵԼ
Հ. Հ.

Երէկ Նախիջեւանում կոռուպցիայի վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարելիս բռնութեան են ենթարկւել Նախիջեւանի ռեսուրսային կենտրոնի նախագծի երեք մասնակիցները: Նախիջեւանի համալսարանում աշխատանքներ իրականացնելիս դասախօսները խնդրել են նրանց լքել բուհը:
Վերջիններս հեռացել են, սակայն «Ազատութիւն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը «Թուրան« լրատւական գործակալութեանը պատմել է, որ ճանապարհին ենթարկւել են յարձակման 40 հոգանոց աւազակային խմբի կողմից, որն առաջնորդում էին Նախիջեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Մամեդ Ռազինն ու «Ենի Ադրբեջան» կուսակցութեան անդամ Էլման Ջաֆարլին:
«Զինւած խումբը քարերով, փայտերով յարձաւել է 3 լրագրողների վրայ, հայհոյել ու ենթարկել դաժան ծեծի», հաղորդում է լրատւական գործակալութիւնը:
Նասիբովի վիճակը գնահատւում է միջին ծանրութեան, նա դժւարութեամբ է շնչում:
Ռեսուրսային կենտրոնի աշխատակից Վաֆադար Էյվազովի քիթն են ջարդել: Կենտրոնի աշխատակիցների տեղեկացմամբ` տուժածին Նախիջեւանի որեւէ բուժհաստատութիւնում համապատասխան օգնութիւն չեն ցուցաբերել:
Այդ պատճառով նա բուժում է ստանում տնային պայմաններում:
Իրաւապահ մարմինները բռնութեան ենթարկւած լրագրողների ներկայացրած բողոքը չեն ընդունել եւ հրաժարւել են որեւէ ձեւով գործին ընթացք տալ: Բռնութեան ենթարկւած ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախ դիմել են տեղի ոստիկանութեանը, այնուհետեւ ինքնավար մարզի ոստիկանական մարմնին, դատախազութեանը, դատաբժշկական փորձաքննական մարմնին, բայց վերոնշեալ բոլոր պետական կառոյցները բողոքը չեն ընդունել եւ հրաժարւել են զբաղւել նշեալ խնդրով:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ 18-12-2009

0 Պատգամ: