Ինչո՞ւ Աստանայում չեն հանդիպել

Սարգսեանն ու Ալիևը


«Ալիեւը հրաժարւել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրութիւն գտնել Աստանայում հրապարակւած հնգակողմ յայտարարութեան և գագաթնաժողովում հնչեցրած իր ելոյթի մէջ ներառւած տեսակէտների տարբերութեան համար»

20:18 • 01.12.10
Հայաստանեան և միջազգային ԶԼՄ-ները յայտնում են, որ Աստանայում ձախողւել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների այսօր նախատեսւող հանդիպումը։ «Ազատութիւն» ռադիոկայանը, մասնաւորապէս, վկայակոչելով իր դիւանագիտական աղբիւրները, նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր վերջին պահին «հրաժարւել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրութիւն գտնել Աստանայում հրապարակւած հնգակողմ յայտարարութեան և գագաթնաժողովում հնչեցրած իր ելոյթի մէջ ներառւած տեսակէտների տարբերութեան համար»: Ըստ նոյն աղբիւրների՝ համանախագահները, որոնք ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը, «տարակուսանքի մէջ են յայտնւել»:
Աստանայում, որտեղ մեկնարկել է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, չորեքշաբթի օրը յայտարարութիւն է ընդունւել Լեռնային Ղարաբաղի հակամարտուեան վերաբերեալ, որի տակ ստորագրել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպէս նաև Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիևը:
Յայտարարութեամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց պարտաւորութիւնը՝ ԼՂ հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնել միջազգային իրաւունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտի, ինչպէս նաև 2009 թ. յուլիսի 10–ին Ակվիլայում և 2010 թ. յունիս 26–ին Մուսկոկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած յայտարարութիւնների հիման վրայ։
Աստանայի գագաթնաժողովում ունեցած իր ելոյթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական յանցագործութիւնների և ցեղասպանութիւնների մէջ, և պնդել է, որ Հայաստանը «զօրավարժութիւններ անցկացնելով օկուպացւած տարածքներում, փոխելով քաղաքների և գիւղերի անւանումները և անօրինական կերպով բնակեցնելով օկուպացւած տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»:
Նշենք, որ Աստանայում նախագահների հանդիպման ձախողման վերաբերեալ ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից պաշտօնական որևէ տեղեկատւութիւն կամ մեկնաբանութիւն չի եղել։

Tert.am


0 Պատգամ: