Բաքուն պաշտօնապես չի առաջարկել Թուրքիային ընդգրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում

17:20 • 30.04.10
Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարարութիւնը Ադրբեջանի կողմից պաշտօնապես ոչ մի առաջարկութիւն չի ստացել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում ընդգրկելու առնչութեամբ: Այս մասին, APA գործակալութեան փոխանցմամբ, յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Անդրէյ Նեստերենկոն:
«Ռուսաստանը` որպէս Մինսկի խմբի համանախագահող երկիր, նման առաջարկ պաշտօնապես չի ստացել: Ամէն դէպքում, այդ խօսակցութիւնը գործնական հարթութիւն տեղափոխելու համար նւազագոյնը անհրաժեշտ է հակամարտութեան բոլոր կողմերի համաձայնութիւնը: Եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայ-թրքական արձանագրային գործընթացը դադարեցւած է, դժւար թէ նման համաձայնութիւն ստացւի»,- յայտարարել է Նեստերենկոն:
Իրանի հնարաւոր միջնորդութեան մասին հարցին Նեստերենկոն պատասխանել է. «Որքանով մենք տեղեակ ենք, Իրանի առաջարկը վերաբերում է հիմնականում հակամարտութեան վերաբերեալ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարնորի եռակողմ հանդիպում անցկացնելուն։ Անշուշտ, մենք դէմ չենք նման հանդիպմանը։ Եթէ այն տեղի ունենայ, անհրաժեշտ է սպասել կոնկրէտ արդիւնքների և միայն այդ ժամանակ ակնկալել Իրանի միջնորդութեան հնարաւորութեան շուրջ քննարկումներ»,- ասել է Նեստերենկոն։

Tert.am

0 Պատգամ: