Wikileaks.-

Նալբանդեանն ասել է, որ ջաւախքահայերի

հակազդեցութիւնը վտանգաւոր կլինի

Վրաստանի համար



19:51 • 30.11.10
Wikileaks–ի հրապարակած գաղտնի փաստաթղթերից մէկում ներկայացւած է իրավիճակը Հայաստանում 2008 թ. օգոստոսին ՝ ռուս–վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին յայտնում է novostink.ru–ն։Մասնաւորապէս, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի նամակում նշւում է, որ Հայաստանի իշխանութիւններին գնալով աւելի է սկսում անհանգստացնել Վրաստանի հետ կապեր հաստատելու ուղղութեամբ հայկական կողմի ջանքերի նկատմամբ վրացականի կողմի անընկալունակութիւնը։
Փենինգտոնի խօսքերով, առաւել անքաղաքավարի էր հաւանաբար այն, որ օգոստոսի 15–ին Վրաստանի արտգործնախարարը Հայաստանի տարածքով Վրաստան կատարած թռիչքի ընդմիջման ժամանակ հրաժարւել էր Երևանի օդակայանում մի քանի րոպէով հանդիպել ՀՀ ԱԳՆ առաջնորդի հետ։
«Հայաստանի նախագահը քննադատութիւնների ենթարկւեց տեղի ԶԼՄ–ների կողմից այն բանի համար, որ նա «իբրև» չի կարողացել զանգել Վրաստանի նախագահին՝ ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախօսազրոյցից յետոյ։ Հայերը կարծում են, թէ իրենց բարի մտադրութիւններին սառը ցնցուղով են պատասխանում»,– ասւում է նամակում։
Փենինգտոնի տւեալներով՝ Հայաստանի նախագահը փորձել է նոյն օրը զանգահարել Վրաստանի և Ռուսաստանի նախագահներին՝ միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց խուսափելու համար։ Սակայն կարողացել է զանգահարել միայն Ռուսաստանի նախագահին։ Մի քանի անյաջող զանգերից յետոյ, Սարգսեանը նամակ է ուղարկել Սաակաշվիլիին, որում ցաւակցութիւն է յայտնել վրացական կողմին։
Փենինգտոնը նշում է, որ միևնոյն ժամանակ Հայաստանի ղեկավարութիւնը Վրաստանի հասցէին բարեացակամ տոնով է արտայայտւում, թէկուզև եղել են առաջարկներ փոխել տոնը այն դէպքում, եթէ Վրաստանը նոյն ոճով շարունակի։
«Հայաստանի արտգործնախարար Նալբանդեանի խօսքերով՝ Հայաստանը փորձել է օգնել Վրաստանին՝ ընդունելով աւելի քան 4000 փախստական և առաջարկելով մարդասիրական միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Նա նշել է, որ Հայստանի համար լաւ յարաբերութիւններ են պէտք Վրաստանի հետ ոչ միայն տնտեսական տեսանկիւնից, այլև՝ տարածաշրջանի կայունութեան գործում նրա աւանդի համար։ Չնայած այդ ջանքերին, Սաակաշվիլին աւելի քան մէկ շաբաթ հրաժարւել է պատասխանել Հայաստանի նախագահի զանգերին, իսկ Վրաստանի վարչապետն արհամարհել է իր Հայ գործընկերոջը։ Վրաստանի ԱԳՆ առաջնորդը հրաժարւել է օգոստոսի 15–ին մի քանի րոպէով հանդիպել Հայաստանի ԱԳՆ առաջնորդին»,– ՀՀ արտգործնախարարին վկայակոչում է Փենինգտոնը։
«Մեզանից էլ ի՞նչ են նրանք ուզում։ Հայաստանը ձեռնպահ է մնում Վրաստանի հասցէին ուղղւած ցանկացած բացասական արտայայտութիւնից, և նման յայտարարութիւնների դէպքում Ջաւախքի հայերի հակազդեցութիւնը «շատ վտանգաւոր կլինի Վրաստանի համար»։ Սա այն խաղաքարտը չէ, որը Հայաստանը պատրաստւում է խաղարկել Վրաստանի դէմ, այլ ուղղակի իրականութիւնն է»,– յայտարարել է Նալբանդեանը։ Այս մասին ասւում է նամակում։

Tert.am

0 Պատգամ: