ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՆ ՅՕՐԻՆՈՒՄ` ՀԱՒԱՏԱԼՈՎ, ՈՐ 200-ԱՄԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆ


Ադրբեջանական լրատւամիջոցների գործունէութիւնը կարելի է բացառիկ համարել յատկապէս այն առումով, որ ադրբեջանցիների ազգային նկարագրին ու մտածողութեանը յարիր դրսեւորումները վերագրում են հայերին:
Երէկ ադրբեջանական Day.az էլեկտրոնային պարբերականը տեղեկութիւն է տարածել, որ հայերն այսպէս կոչւած «օկուպացված» (բռնագրաււած) տարածքներում աւերում են ադրբեջանական գերեզմանոցները, մասնաւորապէս Աղդամի գերեզմանոցը, որը, ըստ Day.az-ի, 200 տարւայ պատմութիւն ունի: Ըստ ադրբեջանական կայքի, գերեզմանոցի քարերն ու վանդակաճաղերը հայերն օգտագործում են իրենց տների շինարարութեան համար: Պարզւում է, որ ադրբեջանցիները ոչ միայն ապատեղեկատւությիւն տարածելու լաւ մասնագէտներ են, այլեւ սիրում են հեքիաթներ:
Համաձայն էլեկտրոնային պարբերականի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան յօրինած հեքիաթի՝ ադրբեջանցիները ոչ միայն ունեն 200-ամեայ պատմութիւն, այլեւ 200-ամեայ գերեզմանոց, ինչպէս իրենք են անւանում՝ «հնավայր»: Բայց քանի որ ամէն սուտ իր ժամանակն ունի, այս մէկն էլ բացայայտւեց մի քանի րոպէում:
«Ազգի» հեռախօսազրոյցում յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը նշեց, որ հէնց կայքում դրւած լուսանկարները լաւ ուսումնասիրելու դէպքում կարելի է բացայայտել ադրբեջանցիների սուտը: «Կայքէջում առաջին պլանում կոտրւած քարերով մի երկու գերեզմանի լուսանկարներ են դրել, թէ, օրինակ, ինչպէս է քարը շրջւել ու կոտրւել: Սակայն այդ կոտրւած քարերի վրայ թւեր են կարդացւում: Եթէ խոշոր պլանով լուսանկարներն աւելի ուշադիր զննենք, գերեզմանաքարերի վրայ կկարդանք ռուսերէն տառերով մակագրութիւնները», ասում է Կարապետեանը:
Յօդւածում ադրբեջանցիները նշել են, որ հայերը ոչնչացնում են երկուհարիւրամեայ վաղեմութեամբ հնավայրը: Իրականում հէնց հրապարակւած լուսանկարներից պարզ է դառնում, որ մի գերեզմանաքարի վրայ մակագրւած է 1971 թ., միւսի` 1962 թ., ամենահինը 1950 թ. է: Հետեւաբար գերեզմանոցը ոչ թե 200-ամեայ պատմութիւն ունի, այլ 60-70 տարւայ վաղեմութեան գերեզմանոց է, որ կառուցւել է խորհրդային տարիներին: «60-70 տարւայ պատմութիւն ունեցող գերեզմանոցը չի կարող համարւել հնավայր:
Հէնց ադրբեջանցիների հրապարակած խոշոր պլանով լուսանկարները ցոյց են տալիս, որ հսկայական թւով գերեզմանաքարեր անվնաս, կանգուն վիճակում են: Եթէ այսօր Բաքւի կամ թէկուզ Երեւանի գերեզմանոցներում շրջէք, հաստատ կը ճարեք մէկ-երկու ընկած քար, ջարդւած գերեզմանաքար: Իրենց հրապարակած լուսակարներից շատ լաւ երեւում է, որ գերեզմանոցը կանգուն վիճակում է: Սա ակնյայտ ապատեղեկատւութիւն է բոլոր իմաստներով: Երանի կտայինք, որ Ջուղայի խաչքարերի կէսի կէսն էլ կանգուն լինէր: Իսկ մի երկու ջարդւած գերեզմանաքար իւրաքանչիւր գերեզմանոցում էլ կգտնւի»:
Աւելի ուշ ԼՂՀ արտգործնախարարութեան մամուլի ծառայութիւնը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի յայտարարութիւնները` ԼՂՀ-ում իբր աւերւող ադրբեջանական գերեզմանատների մասին: «Չնմանւելով մեր հարեւաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս ձեւերով ոչնչացնում են հայկական յուշարձանները իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում, ԼՂՀ իշխանութիւնները Ադրբեջանի կողմից իրենց պարտադրած պատերազմում պահպանութեան տակ են առել բոլոր մահմեդական յուշարձանները, այդ թւում` ադրբեջանական գերեզմանոցները:
Դրանում համոզւել են բազմաթիւ միջազգային, անգամ ադրբեջանական պատւիրակութիւններ, որ այցելել են ԼՂՀ: Ինչ վերաբերում է լուսանկարներին, անգամ անզէն աչքով էլ նկատելի է, որ նշւած գերեզմանոցում որոշակի աւերածութիւնները հետեւանք են Ադրբեջանի պարտադրած պատերազմի ժամանակ եղած ռմբակոծութիւններին: Ցաւօք, նման զեղծարարութիւններն ու ստերը ադրբեջանական քարոզչամեքենան վաղուց է օգտագործում: Բոլորն են յիշում, թէ ինչպէս Հեյդար Ալիեւի անւան հիմնադրամը, որ գտնւում է Ալիեւների բարձր հովանաւորութեան ներքոյ, փորձում էր Կոսովոյում արւած լուսանկարները ներկայացնել որպէս Խոջալուի դէպքեր:
Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւններն էլ կարելի է գնահատել որպէս ԼՂՀ-ի վրայ ստւեր գցելու եւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը Բաքւի իշխանութիւնների պարբերաբար կազմակերպած վանդալիզմի ակտերից շեղելու փորձ», ասւած է ԱԳՆ յայտարարութիւնում: ԼՂՀ արտաքին գերատեսչութեան մամուլի ծառայութիւնը յիշեցրել է Բաքւում գերազանցապէս հայկական Նարիմանովեան գերեզմանոցի ոչնչացումը՝ աւտոմայրուղի կառուցելու անւան տակ կամ Նախիջեւանում Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ: