ԱԴՐԲԵՋԱՆՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՐԻՒՍԷԼԻՆ
Ադրբեջանը կը հրաժարւի կասպիական տարածաշրջանում Բրիւսէլի էներգետիկ դաշնակցի դերից և գազի առաքումները կուղղի ասիական շուկայ, եթէ կարճ ժամանակում չյստակեցւի ադրբեջանական գազի սակագինը Nabucco նախագծի շրջանակում:
Այս մասին յայտարարել է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան փոխնախագահը:
Վերջնագրի ու շանտաժի լեզւին Բաքուն դիմել է Թուրքիայի հետ գազի սակագնի շուրջ բանակցութիւնների ձախողումից յետոյ: Թուրքիան ադրբեջանական գազի խոշորագոյն սպառողն է և ապագայում պէտք է դառնար նաև գլխաւոր տարանցող երկիրը:
Անկարան Բաքւից պահանջում է նախկինի նման գազը վաճառել ցածր գնով: Թուրքիան ադրբեջանական գազի 1000 խմ-ի դիմաց վճարում է $120, իսկ ռուսականի համար՝ $250:
Աւելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յայտարարել էր, որ Թուրքիան բանակցութիւնները փակուղի է մտցրել, հրաժարւում է համաշխարհային շուկայական գնից, նաև տարանցման բարձր սակագին է պահանջում: Ալիէւն սպառնացել էր գազը վաճառել Ռուսաստանին և Իրանին:
Այժմ Թուրքմենստան-Չինաստան գազամուղի գործարկումից յետոյ Ադրբեջանը քննարկման նիւթ է դարձնում առաքումների արևելեան ուղին, որն ապագայում ենթադրում է նաև ճիւղաւորում դէպի Պակիստան և Հնդկաստան: Թուրքմենստանը երկու գազամուղով վառելիք է արտահանում նաև Իրան:
Ադրբեջանի գազի պաշարները գնահատւում են 1,5 տրիլիոն խորանարդ մետր, սակայն տարեկան արդիւնահանւում է ընդամէնը 10,3 մլրդ խմ: Nabucco նախագծի գլխաւոր մրցակից «Հարաւային հոսքի» կնքահայր Ռուսաստանին Ադրբեջանը 2010թ. գազ կվաճառի $190-ով:
Nabucco-ի համար այդ գինը համարւում է բարձր, քանի որ Թուրքիայի և միւս երկրների տարանցման մաքսատուրքերի գանձումից յետոյ այն վերջնակէտում սպառողին կհասնի շուկայականից բարձր գնով:
Nabucco գազամուղը նախատեսւում է գործարկել 2014թ., սակայն մինչև այսօր յայտնի չէ, թէ ինչ աղբիւրներից է լցւելու խողովակը:
0 Պատգամ:
Post a Comment