ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼևՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻՆ. «ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԻԱՅՆ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ»


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալութեան խնդրանքով մեկնաբանել է իր հասցէին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրէսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տէր-Պետրոսեանի կողմից հնչեցրած մեղադրանքները (Լևոն Տէր-Պետրոսեանի վերջին յայտարարութիւնները մեկնաբանելու խնդրանքը «ՄԵԴԻԱՄԱՔՍ»-ի կողմից Ռոբերտ Քոչարեանի գրասենեակ էր փոխանցւել նախորդ շաբաթ):
«Տէր-Պետրոսեանի մեծամտութիւնն ու ինքնահիացումը ծանր տպաւորութիւն են թողնում: Ընդ որում, նրա ելոյթը համեմւած էր վերլուծականութեան հաւակնութիւններով, թէև այդ ամէնի մասին խօսել են բոլորը, ով չի ալարել: Իհարկէ, չափազանց ձանձրալի ելոյթ էր: Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպէսզի ելոյթի ընթացքում չքնեն:
Իմ հասցէին արւած մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրայ` վերջինիս բացակայութեան պատճառով: Յիմարութիւնն արժանի է միայն արհամարհանքի: Սակայն Տէր-Պետրոսեանի բոլոր ճառերում իմ մշտական յիշատակութեան փաստն ինձ յիշեցնում է մի իրավիճակ, որի ականատէսը դարձայ Աֆրիկայում մի քանի ամիս առաջ:
Երեկոյեան խարոյկի շուրջ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների վրայ որսի տարբեր սուր դրւագների մասին: Խօսում էին առիւծների, հովազների, գոմէշների և փղերի ուժի, ճարպկութեան ու վտանգաւորութեան մասին: Ներկաներից մէկը` մի եւրոպացի, ամէն պատմութիւնից յետոյ հոգոց էր հանում և ասում, որ կենդանիներից ամենավտանգաւորն ու ուժեղն արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրւեցի, թէ ինչո՞ւ է արջը նրա վրայ նման մեծ տպաւորութիւն գործել:
Պարզւեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան լաւ ջարդոտել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տէր-Պետրոսեանին, այդ պատճառով էլ նա այդքան յաճախ է ինձ յիշում»,- «ՄԵԴԻԱՄԱՔՍ»-ին ասել է Ռոբերտ Քոչարեանը:

0 Պատգամ: