«ԼՂ հակամարտութեան կարգաւորումը եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները միեւնոյն փաթեթում են եւ չեն կարող լուծւել առանձին»,- այս կարծիքին է Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ Դաւիթ Շահնազարեանը: Ըստ նրա' ԼՂՀ ղեկավարութիւնը եւ հասարակութիւնը, թէև գիտակցում է իր գլխին կախւած վտանգի չափը, սակայն, շարունակում է պասիւ լինել եւ սատարել Սերժ Սարգսեանին. «ԼՂՀ իշխանութիւնները այսօր չունեն այնքան քաջութիւն եւ վճռականութիւն, որպէսզի կանխեն այդ վտանգը»:
«Ներկայումս դադար ենք առել, քանի որ համարում ենք, որ պահը դեռ չի հասունացել: Մեր հասարակութեան բոլոր շերտերը նաեւ իշխանութեան միջին եւ ստորին օղակները հասկանում են, թէ ինչ վտանգի առաջ է կանգնած Հայաստանը: Եւ այսօր մենք վստահ ենք, որ ճիշտ ենք գործում: Սա յստակ քաղաքական հաշւարկի արդիւնքն է, եւ մեր քայլերն աւելի քան հաշւարկւած են»,-«Ա1+»-ին ասաց Դաւիթ Շահնազարեանը:
Իսկ ինչպէ՞ս է ՀԱԿ-ը մեկնաբանում «Հայ կամաւորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնութեան յայտարարութիւնը' «Ա1+»-ի հարցին Դաւիթ Շահնազարեանը պատասխանեց, որ դա համարում է շատ բնական: «Հայ Ազգային Կոնգրէսը դա գաղափարական միաւոր չէ, Կոնգրէսի բոլոր սուբյեկտները միաւորւել են երկու խնդրի շուրջ' վերականգել ՀՀ սահմանադրական կարգը եւ ձեւաւորել ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւն:
Պարզ է, որ շատ հարցերում կան տարաձայնութիւններ: Ես ողջունում եմ Ժիրայր Սեֆիլեանի եւ նրա համախոհների գործունէութիւնը, բայց մենք նոյն թիմում ենք, նոյն նպատակին ենք ծառայում ենք եւ ուզում ենք օր առաջ ունենալ ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւն»,-ասաց նա:
Յիշեցնենք, որ «Հայ կամաւորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնութիւնը յայտարարել էր, որ համաձայն չէ Լեւոն Տէր Պետրոսեանի նոյեմբերի 11-ի ելոյթում հնչեցւած ոչոշ գնահատականներին, մասնաւորապէս. «Օրւայ հրամայականն է նաև իրականացնել հայեցակարգային և գաղափարախոսական փոփոխութիւններ, ինչը կառաջացնի քաղաքական մտածողութեան սերնդափոխութիւն: Առաջնորդը չի կարող լինել պակաս վճռական, քան այն ժողովուրդը, որը ընտրել է իրեն»:
0 Պատգամ:
Post a Comment