Դմիտրի Մեդվեդեվ.– Ղարաբաղեան գործընթացում դրական շարժերը Ռուսաստան-Եւրամիութիւն համագործակցութեան օրինակ են
20:00 / 18.11.2009
Ռուսաստանին եւ Եւրամիութեանն անհրաժեշտ է մօտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ուղիներ գտնել՝ կայունացնելու բաւական բարդ իրավիճակը, որ ներկայումս ստեղծւել է Հարաւային Կովկասում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին յայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը՝ Ստոկհոլմում Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդիւնքների ամփոփիչ ասուլիսում:
«Անկեղծ ասած, այստեղ մեր մօտեցումները չեն համընկնում, եւ դա պէտք է բաց խոստովանել: Մենք տարաձայնութիւններ ունենք, բայց դա առիթ չէ իրավիճակը ճոխացնելու: Ընդհակառակը, անհրաժեշտ է մօտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ուղիներ գտնել՝ կայունացնելու բաւական բարդ իրավիճակը, որ ներկայումս ստեղծւել է Հարաւային Կովկասում»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ միեւնոյն ժամանակ նկատելով, թէ կան նաեւ կոնֆլիկտային տարածաշրջաններում Ռուսաստան-ԵՄ համագործակցութեան դրական օրինակներ:
«Մասնաւորապէս, մենք քննարկել ենք այն գործընթացը, որ ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղեան կարգաւորման հարցով: Այնտեղ դրական շարժեր կան: Դա էլ հէնց օրինակ է, թէ ինչպէս մենք կարող ենք համագործակցել կամ ինչպէս կարող էինք, եթէ անցած տարի յայտնի ագրեսիան չլինէր»,- նշել է Մեդվեդեվը:
Խօսելով Ռուսաստանի եւ Հարաւային Կովկասի երկրների յարաբերութիւնների մասին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, թէ այնտեղ ամէն ինչ կար, այդ պատճառով էլ. «մենք յատկապէս նրբազգաց ենք տարբեր տիպի բառերի եւ դէպքերի նկատմամբ, որ տեղի են ունենում մեր երկրներում»: Նա յաւելել է, թէ չի կարծում, որ այդ յարաբերութիւնները «զգալի հետընթաց են ապրել կամ կանգ են առել»:
«Մեզնից իւրաքանչիւրը կարող է ինչ-ինչ դիպուկ գնահատական տալ այս կամ այն իրողութեանը: Կարծում եմ՝ պետական քաղաքականութեան իմաստնութիւնը կայանում է ոչ թէ նրանում, որ պիտակներ կպցնենք, այլ որ դժւար իրավիճակներից յաղթող դուրս գանք: Իսկ յաղթողը նա է, ով, չնայած դժւարություններին, կարողանում է զարգացնել յարաբերութիւնները: Կարծում եմ՝ մեզ դա յաջողւել է»,- յայտարարել է Դմիտրի Մեդվեդեվը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: