Հայաստանի Պաշտպանութեան Նախարար.–
Նա, Ով Մտադիր Է Պատերազմ Սկսել, Վաղորօք Դրա Մասին Չի Ասում




13:48 / 15.12.2009
Ղարաբաղեան հակամարտութեան ռազմական լուծման մասին Ադրբեջանի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաների յայտարարութիւններն ընդհանուր հաշւով ոչինչ չեն նշանակում, քանի որ նա ով մտադիր է պատերազմ սկսել, դրա մասին վաղորօք չի ասում, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
«Ես քիչ հաւանական եմ համարում Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւններ սկսելը, այդ մասին ասում են եւ մեր հետազոտութիւնները: Ադրբեջանը ներկայումս պատրաստ չէ պատերազմի, բայց մենք ՝ ռազմական գործիչներս, այդուհանդէրձ, պէտք է միշտ պատրաստ լինենք դրան»,- նկատեց նա՝ յաւելելով, թէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակի գործիչները պարտաւոր են առաջին հերթին մտածել հակամարտութիւնների ռազմական լուծումից խուսափելու մասին եւ ձգտել կարգաւորել դրանք բացառապէս խաղաղ եղանակով՝ բանակցութիւնների ճանապարհով, միջազգային իրաւական նորմերի շրջանակներում, ինչպէս անում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: «Եթէ յանկարծ Ադրբեջանը ռազմական գործողութիւններ սկսի, հայկական կողմը պատրաստ է համարժէք պատասխան տալ, եւ անհրաժեշտութեան դէպքում, նաեւ աւելին»,- ընգծեց Օհանեանը:
Խօսելով այն մասին՝ կօգնի՞ արդեօք Հայաստանին ՀԱՊԿ-ը, որի անդամ է մեր երկիրը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւններ նախաձեռնւելու դէպքում, նախարարը նշեց. «Եթէ Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններ սկսւեն, ՀԱՊԿ-ը, պայմանագրի համաձայն, պարտաւոր է օգնել մեզ»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: