Ազերիները բողոքում են Freedom House-ի քարտէզում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չպատկերելու համար


18:13 / 14.12.2009
Ադրբեջանական լրատւամիջոցների մի շարք ներկայացուցիչներ համախմբած յարձակւել են Բաքւի ԱՄՆ դեսպանատան վրայ` փորձելով պարզել Վաշինգտոնի դիրքորոշումը ամերիկեան Freedom House հասարակական կազմակերպութեան հրատարակած քարտէզի վերաբերեալ, որտեղ Լեռնային Ղարաբաղը պատկերւած չէ Ադրբեջանի կազմում, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ-ին 8միլիոն դոլարի ֆինանսական օգնութիւն տրամադրելու մասին:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեվիդսոնը յայտարարել է, որ ԱՄՆ-ի պաշտօնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ անփոփոխ է մնում.
«Միացեալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Սա մեր քաղաքականութիւնն է եւ այն մնում է անփոփոխ: Ինչ վերաբերւում է ԱՄՆ Սենատի կողմից տրւող օգնութեանը, ապա ԱՄՆ յատկացնում է ոչ թէ իշխանութիւններին, այլ մարդկանց:
Գումարը բացառապէս տրամադրւել է իբրեւ հումանիտար օգնութիւն: Նման ծրագրերն իրականացւում են հասարակական կազմակերպութիւնների կողմից: Իհարկէ, միեւնոյն ժամանակ Միացեալ Նահանգները օգնութիւն են տրամադրում նաեւ ադրբեջանցի տեղահանւած բնակչութեանը:
Ուզում եմ եւս մէկ անգամ ընդգծել, որ վերջին տարիներին մենք նաեւ իրականացրել ենք ականազերծման լայնածաւալ ծրագրեր, ջանքեր ենք գործադրել բռնի տեղահանւածների համար նոր դպրոցներ կառուցելու համար եւ տարբեր ծրագրերի միջոցով փորձել ենք աւելի բարեկեցիկ դարձնել նրանց կեանքը»:
Freedom House-ի քարտէզի, ինչպէս նաեւ Ադրբեջանում ժողովրդավարութեան ծայրայեղ վիճակի մասին կտրուկ քննադատութեանը վերաբերող հարցերով Թերրի Դեվիդսոնը լրատւամիջոցների ներկայացուցիչներին խորհուրդ տւեց դիմել հէնց կազմակերպութեանը, նշելով, որ ԱՄՆ-ի կառավարութիւնը ոչ մի կապ չունի նրա հետ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: