Ուսումնասիրւում են 90-ականներին Ադրբեջանի իշխանութիւնների կազմակերպած հայերի ջարդերի քրէական գործերը


14:02 / 16.11.2009
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դատախազութիւնների միջեւ ստորագրւած իրաւական փոխօգնութեան եւ տեղեկատւութեան փոխանակման մասին համագործակցութեան համաձայնագրի շրջանակներում ՀՀ դատախազութիւնը խնդրել էր ԼՂՀ դատախազութեանը՝ տրամադրել տեղեկատւութիւն՝ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների կապակցութեամբ յարուցւած քրէական գործերի վերաբերեալ:
Հայաստանի դատախազութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ԼՂՀ դատախազութիւնից ստացւած տեղեկատւութեան համաձայն 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում իրականացւած ահաբեկչական ակտերի, հայերի բնաջնջումների կապակցութեամբ յարուցւել են տարբեր քրէական գործեր՝ ցեղասպանութեան, ահաբեկչութեան եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների յատկանիշներով, որոնց քննութեամբ պարզւել եւ հիմնաւորւել են ադրբեջանցի գրոհայինների կողմից կատարւած մի շարք ահաբեկչութիւններ:

Մասնաւորապէս հիմնաւորւել է, որ 1992թ. ապրիլի 10-ի առաւօտեան՝ ժամը 07-ի սահմաններում, ազգային հողի վրայ, ահաբեկչական խմբաւորումները Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղւած յանցաւոր գործողութիւններ են կատարել Ադրբեջանի ԽՍՀ-ի աջակցութեամբ, որի հետեւանքով առանձին դաժանութեամբ սպանւել են 60 խաղաղ բնակիչներ, իսկ 70 խաղաղ բնակիչներ պատանդ են վերցւել:
Մի շարք բնակավայրերում, մասնաւորապէս՝ Մարտակերտում, Կիչանում, Առաջաձորում, Սեյսուլանում, Ջայնթաղում, Միրբաշիրում հայերի նկատմամբ ահաբեկչական ակտերն իրականացրել են Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի յատուկ նշանակութեան ստորաբաժանման աշխատակիցները:
Նրանցից ոմանց ինքնութիւնը Լեռնային Ղարաբաղի իրաւապահներին յաջողւել է բացայայտել եւ շուրջ 3 տասնեակ գրոհային ներկայումս գտնւում է հետախուզման մէջ՝ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւն, ահաբեկչական ակտեր, սպանութիւններ իրականացնելու մեղադրանքով: Որոնողական աշխատանքները դեռեւս արդիւնք չեն տւել. Ըստ օպերատիւ տեղեկութիւնների գրոհայինները թաքնւում են Ադրբեջանում:
Յայտնաբերւել են միայն Լեռնային Ղարաբաղի Առաջաձոր գիւղում իրականացւած ահաբեկչական ակտերի անմիջական կատարողներից մի քանիսը՝ դատապարտւելով 15 տարւայ ազատազրկման, սակայն նրանք, ըստ էութեան ազատւել են պատժի կրումից, քանզի Ադրբեջանի ղեկավարութիւնը պատրաստակամութիւն էր յայտնել նրանց փոխարէն վերադարձնել մի քանի հայ խաղաղ բնակչի, որոնք գերի էին ընկել ադրբեջանցիների մօտ:

Խաղաղ բնակիչները փոխանակւել են յանցագործների հետ, որոնք հետագայում Ադրբեջանում ազատւել են պատժից:
ԼՂՀ դատախազութեան տրամադրած նիւթերը կհամալրեն Հայաստանի դատախազութեան եւ «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» հասարակական կազմակերպութեան համատեղ ստեղծւող էլեկտրոնային արխիւը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: