Արմէն Ռուստամեանի յայտարարութիւնն արժանացել է ՀՀ կառավարութեան հաւանութեանը



Դեկտեմբերի 3-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութեան է արժանացրել ՀՅԴ պատգամաւոր Արմէն Ռուստամեանի «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայութեան վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատւութեան մասին» յայտարարութիւնը:
Փաստաթղթի նախագծում ասւում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղաւաղելով իրականութիւնը, նենգափոխելով և խեղաթիւրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրութեան մօտ կեղծ պատկեր ձևաւորել հակամարտութեան ծագման և ծաւալման վերաբերեալ: Միևնոյն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արիւնալի հակամարտութեան յանգեցրած իր յանցաւոր գործողութիւնները և իրական ագրէսորին զոհ, իսկ զոհին ագրէսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների ողջ պատասխանատւութիւնը բարդել հայկական կողմի վրայ:
Նշւում է նաև, որ պատմութիւնը նենգափոխելու և գլխիվայր շուռ տալու պետական մարտավարութեամբ Ադրբեջանը, օգտւելով յատկապէս միջազգային խորհրդարանական կազմակերպութիւններում շատերի անտեղեակութիւնից և հարցի էութեանը ծանօթ չլինելու հանգամանքից, ձգտում է կարգաւորման՝ միմեանց հետ շաղկապւած բաղադրիչների, փաթեթից առաջնահերթ լուծման համար առանձնացնել տարածքների և փախստականների հարցերը և ձեռք բերել այդ խնդիրների վերաբերեալ պահանջատիրոջ կարգավիճակ:
Դրա հիման վրայ Ադրբեջանն անթաքոյց նպատակ է հետապնդում հող ստեղծել իր հնարաւոր նոր ագրէսիայի արդարացման համար՝ պահպանելով հակամարտութեան կարգաւորման ռազմական ճանապարհը:
-Կարծում եմ՝ դրա անհրաժեշտութիւնը նաև կառավարութիւնն է տեսնում, և դա շատ ողջունելի է, որովհետև այսօր այդ խնդիրը հասունացել է,- «7օր»-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը։ Նա նշել է, որ չափազանց կարևոր է այսօր, որ հակամարտութեան զարգացման փուլերի և խնդրի էութեան իրական և ճիշտ պատկերը վերականգնւի։
-Սա դառնում է ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշումը և պաշտօնական մօտեցումն առնւազն ՀՀ օրէնսդիր մարմնի մակարդակով։ Սրան չեն կարող չանդրադառնալ և չեն կարող անտեսել՝ որպէս միջազգային սուբյէկտ հանդիսացող Հայաստանի տեսակէտներ։
Սա բանակցային գործընթացի վրայ ազդելու, նաև ճիշտ ուղղորդելու, հիմնաւորելու նպատակ է հետապնդում, սակայն առաջին հերթին դա հէնց խորհրդարանական դիւանագիտութեան համար կարող է լաւ հիմք ծառայել, որ մենք սրա հիման վրայ այդ քայլերին ուղղւած գործողութիւններ կատարենք և աւելի ակտիւացնենք մեր աշխատանքներն այդ աղաւաղւած պատկերը վերականգնելու առումով բոլոր պատւիրակութիւնների մակարդակով, որտեղ մենք ներկայութիւն ունենք տարբեր միջազգային կազմակերպութիւններում,- ընդգծել է Արմէն Ռուստամեանը։



ԱՐՓԻ ԲԵԳԼԱՐԵԱՆ

0 Պատգամ: