Էրդողանը մեկնում է Վաշինգտոն ստանալու Օբամայի աջակցութիւնը

14:49 / 01.12.2009
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու տարի ընդմիջումից հետ, կրկին մեկնում է Վաշինգտոն։ Դեկտեմբերի 7-ին Էրդողանը կը հանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ՝ երկու ղեկավարները կը քննարկեն հետեւեալ թեմաները.
*PKK-ի դէմ պայքար
*Թուրքիան աջակցութիւն կը խնդրի ԱՄՆ-ից, որ ԱՄՆ-ի զօրքերի Իրաքից դուրս բերւելուց յետոյ՝ Իրաքում ահաբեկչութեան վերացման եւ Հիւսիսային Իրաքի Քանդիլ լեռան վրայ տեղաւորւած PKK-ի տեղաշարժը կասեցւի։ Վերջերս ԱՄՆ հետախուզութեան դաշնային բիւրոյի տնօրէն Ռոբերտ Միւլլերի Թուրքիա այցի ընթացքում նրան ասւածը Էրդողանը Օբամային կը կրկնի։ Այսինք, կը պահանջի քրդական PKK-ի անդամներին յանձնել Թուրքիային։
*Կիպրոսի խնդիր
*ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի եւ Օբամայի քննարկումների նիւթ է լինելու նաեւ Կիպրոսի խնդիրը։ Թուրքիան մէկ անգամ եւս կասի, որ խնդրի լուծման համար ժամանակը չի բաւականացնում, եւ նախկին ասւած դեկտեմբեր ամիսը՝ կը տեղափոխի 2010 թւականի ապրիլ։ Թուրքիան այդ ժամանակահատւածում՝ այսինքն հիւսիսային հատւածի նախագահական ընտրութիւններից առաջ, կսպասի ԱՄՆ-ի աջակցութեանը։ Թուրքիան կսպասի նաեւ ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի ներկայացուցչի նշանակմանը։
*Իրանի միջուկային խնդիր
*ԱՄՆ-ը կը պահանջի Թուրքիայից Իրանի միջուկային խնդրի հետ կապւած՝ պարզեցնել դիրքորոշումը։ Թուրքիան այս խնդրով ԱՄՆ-ին հետեւեալը կը փոխանցի. Խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների իրաւունք բոլորը ունեն։ Միջուկային զէնքը մարդկութեան համար մեծ վտանգ է ներկայացնում, սակայն այն պէտք է լուծւի դիւանագիտական եւ երկխօսութեան ճանապարհով։
*Հայաստանի հետ յարաբերութիւններ
ԱՄՆ-ի կողմից օրակարգ բերւելիք յաջորդ թեման՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն է։ Վաշինգտոնը կը շեշտի, որ կարեւոր է երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրութիւնների վաւերացումը։ Թուրքիան կրկին կը նշի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրում առանց տեղաշարժի՝ Թուրքիայի խորհրդարանում դժւար կը լինի վաւերացնել ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները։
Էրդողան-Օբամա քննարկումների սեղանին կը լինի նաեւ Աֆղանստանի խնդիրը, Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնների լարւածութեան թուլացումը եւ Nabucco-ի նախագիծը։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: