ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է




Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է ադրբեջանական հերթական ստայոդ յայտարարութիւնները:
ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան տարածած հաղորդագրութեան մէջ ասւում է. «Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավարը նախօրէին կրկին հանդէս է եկել մի շարք յայտարարութիւններով, որտեղ արդէն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչութեան թւաքանակի, զինւած ուժերի համալրման եւ սահմանային միջադէպերի մասին:
Իրականութեանը չեն համապատասխանում այն տեղեկութիւնները, թէ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս եւ չի կարողանում կազմաւորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչութեամբ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է. աշնանային զօրակոչն ընթանում է ըստ ժամանակացոյցի, եւ արդէն աւելի քան 70 տոկոսով իրականացւել է զօրքերի համալրումը:
Սահմանային միջադէպերի կապակցութեամբ յարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութեան պետ Է. Սաբիրօղլուի այն յայտարարութիւնը, թէ հայկական կողմը երկու անգամ աւելի կորուստներ է կրել, քան ադրբեջանականը, նոյնպէս ապատեղեկատւութիւն է. վերջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով վիրաւորւել են երկու հայ զինծառայողներ։

Առաւել քան անհասկանալի է, թէ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնն ինչպէս է յանգել այսպիսի եզրակացութեան, եթէ չի հրապարակել ոչ հայկական եւ ոչ էլ ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրաւորների թիւը: Այս առնչութեամբ իրենց տարակուսանքն են յայտնել հէնց ադրբեջանական լրատւամիջոցները:
Ուշագրաւ է այն փաստը, որ սաբիրօղլիական այս ինքնախաբեութիւնը հրապարակւել է միայն ռուսերէն լեզւով, հետեւաբար՝ կրում է քարոզչական բնոյթ եւ առաւելապէս նախատեսւած է իր հայրենակիցների համար: Յարկ ենք համարում նաեւ յիշեցնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութեան տարածած տեղեկութիւնները Ադրբեջանի նախագահ Ալիէւի ս.թ. նոյեմբերի 17-ի ելոյթում արծարծւած «ուղենիշ» տեսակէտների կրկնութիւնն են:
Մէկ անգամ եւս ընդգծում ենք, որ ՀՀ եւ ԼՂՀ զինւած ուժերն ունեն մարտական բարձր պատրաստութիւն եւ անհրաժեշտ սպառազինութիւն՝ ցանկացած ոտնձգութեան արժանի հարւած հասցնելու համար»:

0 Պատգամ: