ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատւիրակութիւնների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ համատեղ յայտարարութիւնը

22:17 / 01.12.2009
Մինսկի խմբի համանախագահ երկրների պատւիրակութիւնների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները եւ Միացեալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջէյմզ Սթայնբերգը դեկտեմբերի 1-ին Աթէնքում հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովի հետ:
Պատւիրակութիւնների հինգ ղեկավարները վկայակոչեցին 2008թ. նոյեմբերին Մոսկւայում ընդունւած հռչակագրում եւ 2008թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Հելսինկիի նախարարական յայտարարութիւնում ամրագրւած պարտաւորութիւները: Նրանք նշեցին բանակցութիւնների դրական դինամիկան, որն արձանագրւել է այս տարւայ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումների ընթացքում:
Նրանք համաձայնեցին, որ այս հանդիպումների աճող յաճախականութիւնը զգալիօրէն նպաստել է կողմերի միջեւ երկխօսութեան ընդլայնմանը եւ շարժմանը դէպի 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում:
Արտգործնախարարներ Լավրովն ու Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների յանձնառութիւնը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն աւարտին հասցնելու գործում, եւ կողմերին կոչ արեցին հնարաւորինս արագ աւարտելու այդ աշխատանքը` համաձայն յուլիսի 10-ին լ’Աքուիլայում Ութնեակի գագաթաժողովում երեք նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ ընդունւած համատեղ յայտարարութեան:
Նրանք ընդգծեցին, որ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութիւնը շրջանակային հիմք կը ծառայի համընդգրկուն կարգաւորման համար, ինչը կը նպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ բարգաւաճման վրայ հիմնւած ապագայի կերտմանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարւայ ընթացքում առաջընթաց է արձանագրւել Հիմնարար սկզբունքների դրոյթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամութիւնը աւարտելու աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրայ, ինչպէս լ’Աքվիլայում հորդորել են համանախագահ երկրների նախագահները:
Նախարարները վերահաստատեցին իրենց յանձնառութիւնը եռանդուն աշխատելու չլուծւած հարցերը կարգաւորելու, համաձայնութեան հասնելու ուղղութեամբ, մասնաւորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրւած` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան, ժողովուրդների իրաւահավասարութեան եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրայ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: