ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԷՄ ՀԱՄԱԽՄԲՒԱԾ ՈՒԺԵՐԸ ՀԱՆԴԷՍ ԵՆ ԵԿԵԼ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՄԲ

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին եւ համայն հայութեանը միանալ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման դէմ ուղղւած ստորագրահաւաքին և մեր յետագայ գործողութիւններին:


Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման դէմ ՀՅԴ նախաձեռնութեամբ համախմբւած ընդդիմադիր 14 կուսակցութիւնները եւ տասնեակ հասարակական կազմակերպութիւններ դեկտեմբերի 1-ին հաւաքւել էին «Էրեբունի» բիզնես կենտրոնում` քննարկելու հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման դէմ իրականացնելիք հետագայ գործողութիւնները:
«Ես հաւատում եմ, որ ի վերջոյ սա այն հարցն է, որը վեր է կուսակցական որեւէ հարցից՝ լինի Հանրապետական, Բարգաւաճ, թէ Օրինաց երկիր։ Որեւէ կուսակցական առաջին հերթին պէտք է առաջնորդւի իր համազգային շահերով»,- հաւաքին ելոյթ ունենալով` նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը հարցապնդում է ներկայացրել ՀՀ կառավարութեանը՝ պահանջելով այն բոլոր փաստաթղթերն ու հիմնաւորումները, որոնք ցոյց են տալիս Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ողջ գործընթացը:
Կառավարութիւնն արդէն պատասխանել է, սակայն. «Պատասխանն ինքնին արդէն բաւական լուրջ հարցեր է առաջացնում, եւ մենք խնդիր ենք դնելու, որ մօտակայ քառօրեայում այս հարցն Ազգային ժողովում քննարկման առարկայ դառնայ, եւ դրա հետ կապւած որոշում ընդունի Ազգային ժողովը»,- նշեց Ա. Ռուստամեանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանի խօսքերով` ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ներկայացրած 23 հարցերի պատասխանները փաստում են, որ Հայաստանը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին նախապէս պատրաստւած չի եղել, չի պահպանել ՀՀ օրէնքների պահանջները:
«Դիւանագիտութեան եւ իրաւագիտութեան մէջ չլսւած անգրագիտութիւններով լեցուն մի գրութիւն»,- այսպէս կառավարութեան պատասխանը բնութագրեց Ա. Մինասեանը` աւելացնելով, որ Դաշնակցութիւնը պատասխանը բողոքարկելու է դատական կարգով` ապացուցելու համար արտգործնախարարութեան եւ կառավարութեան ոչ իրաւաչափ վարքագիծն ու կառավարութեան լիազօրութիւնների գերազանցումը:
Դա, ըստ Ա. Մինասեանի, կարող է նպաստել, որ ՍԴ-ն Սահմանադրութեանը անհամապատասխան ճանաչի արձանագրութիւններով ստանձնած պարտաւորութիւնները։
Այժմ Դաշնակցութիւնը ԱԺ-ում արձանագրութիւնների վաւերացումը կանխելու համար ստորագրահաւաք է սկսել: Ստորագրելով` Հայաստանի իւրաքանչիւր բնակիչ իր պատգամաւորից պահանջելու է չվաւերացնել արձանագրութիւնները: Եթէ դա էլ չգործեց եւ արձանագրութիւնները վաւերացւեցին, միակ ելքը, ըստ Ա. Ռուստամեանի, լինելու է իշխանափոխութիւնը, քանի որ սա ապացուցում է` իշխանութիւնը ժողովրդի կամքը հաշւի չի առնում: «Ուրիշ տարբերակ չի մնալու»,- նշեց Ա. Ռուստամեանը:
Ստորեւ ներկայացնում են հաւաքի ընթացքում ընդունւած յայտարարութեան ամբողջական տեքստը:


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ


Մենք` րս, վերահաստատելով մեր պայքարի վճռականութիւնը, արձանագրում ենք, որ.
**Չնայած արձանագրութիւնների պարունակած վտանգներին և այդ կապակցութեամբ հայութեան արտայայտած բողոքին, ՀՀ իշխանութիւնները, այդուամենայնիւ, ստորագրեցին յիշեալ փաստաթղթերը: Յարկ է նշել, որ արձանագրութիւններում առկայ տերմինները և ձևակերպումները այլևս մեկնաբանւելու են ոչ թէ կողմերի կամայական և իրարամերժ պարզաբանումների հիման վրայ, այլ միջազգային նորմերին և պրակտիկային համապատասխան,
**Անփառունակ վախճան ունեցաւ բանակցային փուլը և սկիզբ առաւ արձանագրութիւնների կնքման ներպետական գործընթացը: Այսույետ հակաազգային և հակապետական այս փաստաթղթերի վերջնական վաւերացման կանխումը Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի իրաւասութիւնների մեջ է:
Անվիճելի իրողութիւն է, որ Թուրքիան այս արձանագրութիւնների միջոցով հասել է իր երկու նախապայմանների իրականացման համար անհրաժեշտ նախադրեալների ամրագրմանը: Այն է` Ցեղասպանութեան փաստը քննարկման առարկայ դարձնելուն և այս կապակցութեամբ միջազգային ճանաչման գործընթացի խոչընդոտմանը, ինչպէս նաև առկայ հայ-թուրքական ապօրինի սահմանի օրինականացմանը:
Միևնոյն ժամանակ Թուրքիան, հետևողականօրէն չհրաժարւելով իր յաջորդ նախապայմանից, օրէցօր աւելի մեծ հնարաւորութիւն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգաւորմանը և, օգտագործելով այս երկու գործընթացների միաժամանակեայ ակտիւացումն ու դրանց շուտափոյթ հանգուցալուծման հարցում միջազգային կառոյցների և միւս երկրների շահագրգռութիւնը, ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ:
Ստեղծւած իրավիճակում դեռևս ուշ չէ անյապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձութիւնների զարգացման այս վտանգաւոր ընթացքը:
Առ այդ, Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնւազն այն, որ արձանագրութիւնները հակասում են Հայաստանի Անկախութեան Հռչակագրով և ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, և խախտւել են ՀՀ Սահմանդրութեան 83.5 յօդւածի 9-րդ կէտով և միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրէնքով սահմանւած պայմանագրերի կնքման կարգը և պայմանները, պարտաւոր է այս արձանագրութիւններով Հայաստանի Հանրապետութեան կողմից ստանձնւող պարտաւորութիւնները ճանաչել ՀՀ Սահմանադրութեանը հակասող:
Իսկ ՀՀ նախագահի կողմից յիշյալ արձանագրութիւնները Ազգային ժողով ուղարկելու դէպքում խորհրդարանը այս բովանդակութեամբ չպէտք է վաւերացնի դրանք:
Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկայ տեսքով արձանագրութիւնների կեանքի կոչման դէմ և այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին եւ համայն հայութեանը միանալ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման դէմ ուղղւած ստորագրահաւաքին և մեր յետագայ գործողութիւններին:

0 Պատգամ: