Amnesty International.–
Ադրբեջանում խեղդում են խօսքի ազատութիւնը.



17:43 / 14.11.2009
Միջազգային իրաւապաշտպանական Amnesty International կազմակերպութիւնը դատապարտւած բլոգէրներ Էմին Միլիի եւ Ադնան Հաջիզադեին անւանել է «խղճի բանտարկեալներ»:
«Երկու բլոգէրների նկատմամբ առաջադրւած մեղադրանքը արւած է` սահմանափակելու կարծիք արտայայտելու ազատութիւնը, որը բլոգէրները օգտագործել էին քննադատելու Ադրբեջանի իշխանութիւններին: Նրանք երկուսն էլ անմիջապէս եւ անվեհապահօրէն պէտք է ազատ արձակւեն»,- յայտարարել է Amnesty International-ի Եւրոպայի եւ Կենտորնական Ասիայի ծրագրերի տնօրէն Նիկոլա Դուկվորսը:
Ինչպէս գրւած է կազմակերպութեան կայքէջում, երիտասարդների նկատմամբ այդպիսի դատավճիռը փաստում է, որ Ադրբեջանում խօսքի ազատութիւնը ոտնահարւում է: Ադրբեջանի հասցէին քննադատութեամբ է հանդէս եկել նաեւ Human Rights Watch-ը:
Հաղորդագրութեան մէջ ասւում է, որ «բլոգէրների ձերբակալութիւնը ակնյայտօրէն մէկ քայլ յետ է խօսքի ազատութեան ոլորտում, եւ խօսում է խօսքի ազատութեան նկատմամբ ունեցած թշնամանքի մասին»: Ինչպէս նշում է վերոնշեալ կազմակերպութեան Հարաւային Կովկասի ներկայացուցիչ Գրիգորի Գոգիան, կեղծ մեղադրանքների օգտագործումը կիրառւել է նաեւ աւելի վաղ, ընդդիմադիր լրագրողների նկատմամբ:
Յիշեցնենք, որ դատարանը Էմին Միլլիին դատապարտել էր 2,5, Ադնան Հաջիզադեին՝ 2 տարւայ ազատազրկման: «Օլ» («Եղի՛ր») Երիտասարդական շարժման առաջնորդ Ադնան Հաջիզադեն եւ «Alumni Network» երիտասարդական ցանցի ղեկավար Էմին Միլլին ձերբակալւել էին այս տարւայ յուլիսի 8-ին` խուլիգանութեան մեղադրանքով, թէեւ իրաւապաշտպանների կարծիքով՝ հետապնդումը քաղաքական դրսեւորում ունի:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: