Ըստ Վահան Յովհաննիսեանի, Արձանագրութիւններից Հիմնական Շահողը Թուրքիան Է
ԵՐԵՒԱՆ, «Նոյեան Տապան», «Արմէնփրէս».- «Մինչեւ 2010ի Ապրիլ ամիսը, Թուրքիայի խորհրդարանը կը քննի եւ կը վաւերացնի հայ-թրքական արձանագրութիւնները, որովհետեւ ակնյայտ է, թէ դրանից հիմնական շահողը թրքական կողմն է», ասաց Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, Ուրբաթ, Հոկտեմբերի 30ի խորհրդարանական ճեպազրոյցի ընթացքին:
Նա վկայակոչեց Թուրքիայի մէջ տեղի ունեցած հասարակական կարծիքի մի հարցախոյզի տւեալները, ըստ որոնց, եթէ գործընթացի սկզբնական հանգրւանին հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման դէմ եղել են թուրքերից 70 տոկոսը, ապա ներկայիս նոյնքան տոկոսը նրա կողմն է: «Պարզապէս փորձում ենք քամած լիմոնից եւս մի քանի կաթիլ կորզել, որպէս նախապայման Ղարաբաղի հարցի շուրջ լայն քննարկում ծաւալելով», ասաց Վ. Յովհաննիսեանը:
Իր կարգին, ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանի կարծիքով, արձանագրութիւնների վաւերացումը ամիսների խնդիր է: Իշխող կուսակցութեան ներկայացուցիչը ընդգծեց, որ Հայաստանի «նպատակն է Ցեղասպանութեան հետեւանքների վերացումը, որում տեսնում ենք Ցեղասպանութեան ընդունումը Թուրքիայի կողմից»:
Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու նախաձեռնութեան վերաբերեալ պատգամաւորը նշեց. «Չեմ կարծում, որ Հայաստանում մարդիկ կան, որ Ցեղասպանութիւնը չեն ընդունում, եւ դրա համար պէտք է օրէնք ընդունել: Երբ սահմանը բացւի եւ Թուրքիան իր օրէնքում փոփոխութիւն չկատարի, բնականաբար, մենք էլ օրէնք կ՛ընդունենք»:
Վ. Յովհաննիսեանը նաեւ Հայաստանի համար դրական համարեց այն իրողութիւնը, որ Արեւմուտքի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները սկսել են բարելաւել, Արեւմուտքի ցուցաբերած աւելի ճկուն քաղաքականութեան շնորհիւ:

0 Պատգամ: