ԹՈՒՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՊԵԼ ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԵՏ

Երեւան (Երկիր) - Եթէ Հայաստանը իսկապէս ձգտում է սահմանի բացմանը, ապա առաջին հերթին պէտք է լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ: Թուրքիայի համար Ադրբեջանի հետ յարաբերութիւններն աւելի կարեւոր են Հայաստանի հետ յարաբերութիւններից, ըստ «Թրենդ» գործակալութեան` յայտարարել է Թուրքիայի հետախուզութեան ազգային կոմիտէի նախկին վերլուծաբան Մահիր Կայնակը:
Նրա խօսքերով` Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ դեռեւս չի քննարկել դրանք, ինչը որոշակի ուղերձ է Հայաստանին: «Հայ-թուրքական սահմանի բացումը ուղղակիօրէն կապւած է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ»,- ասել է վերլուծաբանը:
«Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան ստամբուլեան կառոյցի ժողովի ժամանակ նման յայտարարութիւն է արել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք յստակ եւ ուղիղ յայտարարել ենք բոլորին, որ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացումը ուղղակիօրէն կախւած է Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների բնականոնացումից»:

0 Պատգամ: