Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտէն Կազմակերպում է
«Յետադարձ Հաշւարկ Էրդողանի Համար»
Միջոցառում




15:42 / 09.11.2009
«Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտէն (ANCA) նոյեմբերի 9-ին սկսում են մեկամսեայ նախագիծ՝ „Յետադարձ հաշւարկ Էրդողանի համար“ անւամբ, բոլոր ցանկացողների ակտիւ մասնակցութեամբ եւ միտւած նրան, որ արթնացնեն ԱՄՆ Կոնգրէսին, լրատւամիջոցների ներկայցուցիչներին ու, վերջապէս, Սպիտակ տանը, որ Ամերիկային ներկայացնեն իրականութիւնը Հայոց Ցեղասպանութեան մասին»,- հաղորդում է ANCA-ի պաշտօնական կայքը:
Իր կայքում ANCA-ն ամէն օր օնլայն ռեժիմով նոր ակտ է անցկացնելու, որը հնարաւորութիւն կտայ հարցեր տալ ուղիղ եթերով, եւ կը խթանի հանրութեան հետ գործնական աշխատանքները: Այդ ամէնը նպատակ ունի ոգեշնչել Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ վերջինիս ասի, թէ Ամերիկան կողմ է հայոց ցեղասպանութեան վերաբերեալ արդարացի եւ ճիշտ բանաձեւին: Բացի այդ, ամէն շաբաթ բարձրացւելու է նաեւ Դարֆուրում (Սուդան) շարունակւող ցեղասպանութեան հարցը:
Առաջին շաբաթւայ ընթացքում ակցիան ուղղւելու է ԱՄՆ Սենատին, երկրորդում՝ լրատւամիջոցների ներկայացուցիչներին, վերջում՝ ուղիղ Սպիտակ տանը:
«Ինչպէս յայտնի է, նախագահ Օբաման ապրիլին հանդիպեց թուրք վարչապետի հետ եւ չկատարեց հայերին տւած՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախընտրական խոստումը»,- յայտարարել է ANCA-ի տնօրէն Արամ Համբարեանը. «Աւելին, նա միացաւ Թուրքիային եւ սկսեց ճնշումներ գործադրել շրջափակման մէջ գտնւող Հայաստանի վրայ, որ ընդունի պատմական փաստերի եւ արխիւների ուսումնասիրման միջկառավարական ենթայանձնաժողովի պայմանը: Այժմ էլ, ամերիկեան հողի վրայ նա հնարաւորություն ունի ճիշտ վարւել՝ կատարել իր խոստումը եւ դառնալ ամերիկեան ժողովրդին արժանի նախագահ»:
ANCA-ն նշում է, որ «Յետադարձ հաշւարկ Էրդողանի համար» ակցիան համընկնում է վերջինիս արած յայտարարութիւնների հետ, թէ ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ Դարֆուրի սեւամորթ բնակչութեան ցեղասպանութիւնը: Էրդողանը յայտարարել էր, թէ «մահմեդականը չի կարող ցեղասպանութիւն անել»: Ի պատասխան միջազգային հանրութեան պահանջին՝ ձերբակալել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, նա մերժել էր պահանջը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: