«Սոցինտէրնի» գլխաւոր քարտուղարն անընդունելի է համարում Ալիևի ռազմատենչ յայտարարութիւնները

15:02 • 10.06.10
«Մենք հակամարտութիւնների լուծումը տեսնում ենք երկխօսութեամբ, բանակցութիւններով, և որևէ այլ միջոց մեզ համար անընդունելի է»,– այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ հրաւէրով Հայաստանում գտնւող «Սոցինտէրն» կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիզ Այալան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հնչեցրած ռազմատենչ յայտարարութիւններին։
Նա նշեց, որ իրենց կազմակերպութեան սկզբունքն ու կեցւածքը երկխօսութեամբ և բանակցութիւններով խաղաղութիւն հաստատելն է։«Սոցինտէրնը» սոցիալ –դեմոկրատական, սոցիալիստական և աշխատաւորական կուսակցութիւնների համաշխարհային կառոյց է, որը համախմբում է 173 կուսակցութիւններ և կազմակերպութիւններ բոլոր մայրցամաքներից։
Կազմակերպութեան գլխաւոր քատուղարին հարց ուղղւեց Եւրախորհրդարանում սոցիալ–դեմակրատ բուլղարացի պատգամաւոր Եվգէնի Կիրիլովի առաջարկած և ընդունւած թիւ 2216 բանաձևի առնչութեամբ, որին Լուիզ Այալան պատասխանեց, որ իրենք համաշխարահային կառոյց են, սակայն իրենց անդամակցող մի շարք մարդիկ նաև իրենց ազգային խորհրդարանների կամ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ են։
«Մենք որպէս առանձին կառոյց ունենք մեր օրակարգը և մեր ջանքերը հիմնականում կենտրոնացնում ենք երկխօսութեանը նպաստելու, հասարակական լուծումներ գտնելու, ժողովուրդների ապագան ճիշտ կառուցելու ուղղութեամբ»,– նշեց ծնունդով Չիլիից գլխաւոր քարտուղարը։
«Պէտք է լինի արդարամիտ և հակամարտութեան կողմերի համար ընդունելի լուծում, որպէսզի այն լինի տևական»,– Ղարաբաղեան խնդրի լուծման առնչութեամբ կարծիք յայտնեց Լուիզ Այալան՝ միաժամանակ յաւելելով, որ իրենք այդ ուղղութեամբ աշխատում են թէ՛ Ադրբեջանի, և թէ Հայաստանի հետ։
Tert.am

0 Պատգամ: