Ադրբեջանի տրանսպորտի նախարարի գլխին սև ամպեր են կուտակւել


Ադրբեջանի տրանսպորտի նախարար, օլիգարխ, 12 միլիարդ դոլար կարողութեան տէր Զիա Մամեդովի գլխին սև ամպեր են կուտակւել. մրցակիցները նրան նեղ կացութեան մէջ են դրել:
Նման եզրակացութեան է յանգել «Մուսավաթը»` նշելով, որ դա աւելի բացայայտ է դարձել Ադրբեջանի հանրապետական զինւորական կոմիսար Ալիաղա Հուսեյնովին` մի քանի օր առաջ անակնկալ կերպով պաշտօնից ազատելուց յետոյ:
Թերթը գրել է, որ Ա. Հուսեյնովին և Զ. Մամեդովին պաշտօններից հեռացնելու հարցը դրւել է զինւորական կոմիսարի խնամի, պաշտպանութեան նախարարի տեղակալ, գեներալ Ռաիլ Ռզաևի սպանութիւնից յետոյ:
Պարզւել է, որ «Սալեանի խմբաւորում» պայմանական անւամբ դաշինքը վերացնելու գործընթացն սկսւել է Նախիջևանի կլանի կողմից: Թէ այդ պատերազմում ով ում կողմից է, սկսեց պարզ դառնալ Ռ. Ռզաևի սպանութիւնից բաւական առաջ: Ա. Հուսեյնովի եղբօրորդի Էթիբար Հուսեյնովին հեռացրեցին արտակարգ իրավիճակների նախարարութեան քաղաքացիական պաշտպանութեան զօրքերի հրամանատարի պաշտօնից:
Ռ. Ռզաևի սպանութիւնից մի քանի օր առաջ Շամախիի շրջանի զինւորական կոմիսարի պաշտօնից ազատել էին նրա եղբօրը` Ռաֆայել Ռզաևին, որից յետոյ յարձակումն աւելի էր ուժեղացել: Այսօր արդէն այդ խմբաւորման երկու լուրջ յենարանները վնասազերծւել են, ինչից պարզ է դառնում, որ եթէ ահաբեկչութեան արդիւնքում Ռ. Ռզաևը չսպանւէր, ապա նրան էլ կըհեռացնէին աշխատանքից: Այդ ամենից յետոյ, որպէս խմբաւորման հիմնական դեմք հրապարակում մնացել է Ա. Հուսեյնովի խնամի, տրանսպորտի նախարար Զ. Մամեդովը:
Այժմ արդէն մամուլը կանխագուշակում է, որ մի քանի ամիս յետոյ կսպանւի նաև արտակարգ իրավիճակների նախարար Քեամալադդին Հեյդարովի իրական մրցակից տրանսպորտի նախարարը. հիմա ահազանգերը հնչում են Մամեդովի ուղղութեամբ: Տրանսպորտի նախարարն այնքան է ուռել, հարստացել, որ նրան այդ պաշտօնում թողնելը շատ վտանգաւոր է դարձել:
Պարոն նախարարը Ադրբեջանի մէկ տարւայ բիւջէի չափ հարստութիւն է հաւաքել: Նաւթի գինն էլ բաւականին նւազել է, բիւջէում կրճատումներ կան…Վստահ եղէք, որ մօտ ժամանակներում բիւջէին մատաղ կարւեն ևս մէկ կամ երկու հարուստ պաշտօնեաներ…Դրա համար էլ բաւականին լուրջ, կարող մրցակիցներն աշխատում են Զ. Մամեդովին տապալելով` բաժանել նրա 12 միլիարդ դոլար գնահատւող կարողութիւնը: Նրանցից մէկն էլ «նախարար ջարդող» արտակարգ իրավիճակների նախարարն է, եզրակացրել է թերթը:

13.11.2009, 20:50

0 Պատգամ: