Կատւի Պէս Լռելը Ուժի Նշան Չ՛է


Թուրքիայում վերջերս անցկացւած սոցհարցման տւեալների համաձայն, այս փուլում հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանը եւ սահմանի բացմանը կողմ է արտայայտւել հարցւածների 70 տոկոսը:
Մինչդեռ, գործընթացի սկզբում նոյնքան մարդ դէմ էր արտայայտւել հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանը: ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի կարծիքով, արձանագրութիւնների շուրջ Թուրքիայի քաղաքական շրջանակների բաւականին ազդեցիկ քարոզչութեան արդիւնքում է նման կարծիք ձեւաւորւել: Թուրք հասարակութիւնն արդէն սկսել է հասկանալ, որ իրենք են շահող կողմ այս հարցում:
Վահան Յովհաննիսեանի կարծիքով, թուրքական կողմը առաջիկայում փորձելու է «քամած լիմոնից» եւս մի քանի կաթիլ կորզել` Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ զանգւածային քննարկում ծաւալելով:
Այդ հարցը դրւելու է որպէս նախապայման, եւ չի բացառւում, որ այդ փաստաթղթերի վաւերացման դէպքում առարկութիւններ կամ վերապահումներ արւեն: Հայ-թուրքական արձանագրութիւնների քննարկումները Թուրքիայում կը շարունակւեն մինչեւ ապրիլ, որից յետոյ դրանք կը վաւերացւեն, որովհետեւ այս արձանագրութիւններից հիմնական շահողը թուրքական կողմն է:
Սա թուրքական կողմը չի թաքցնում, եւ Ահմեդ Դաւութօղլուի ելոյթներում հնչած ոգեւորութիւնից դա ակնյայտ է: «Բայց ակնյայտ է, որ մինչ այդ թուրքերը կփորձեն քարոզչական աւելի մեծ առաւելութիւններ ստանալ»,- հոկտեմբերի 30-ին խորհրդարանական ճեպազրոյցի ժամանակ ասաց քաղաքական գործիչը` չբացառելով նոր հակահայկական յայտարարութիւնները:
Մինչդեռ հայկական կողմը, նրա խօսքով, չի արձագանքում թուրքական կողմի յայտարարութիւններին:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից վերջերս խորհրդարանում արւած այն արտայայտութեանը, թէ ամէն մի թուրքական յայտարարութեանը նոյն ոճով պատասխանելը թուլացնում է մեր դիրքերը, Վահան Յովհաննիսեանն ասաց. «Մեր պաշտօնեաները յայտարարում են, որ Թուրքիային պատասխանելը թուլութիւն կլինի մեր կողմից: Հաւանաբար` կատւի պէս լռելը ուժի նշան է»:
ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը իշխանութիւնների նախընտրած` կատւի պէս լռելու մեթոդը չի ընդունում: Նա կարծում է, որ պէտք է պատասխանենք թուրքական կողմի յայտարարութիւններին, բայց դրանք պէտք է կոռէկտ պատասխաններ լինեն, եւ ոչ մի դէպքում «կոշտ ու կոպիտ» տարրեր չպարունակեն:
Միաժամանակ նորից յայտարարում է, թէ Ահմեդ Դաւութօղլուն շատ բաներ կարող է ասել, եւ, այդ յայտարարութիւններին պատասխանելու փոխարէն, նա առաջարկում է մեզ, այսինքն` լրագրողներիս, մեր ժողովրդին «պրոպագանդենք» իրենց խօսքը:
Դժւար գործ է, իհարկէ, էլ չենք ասում, որ պետութեան շահերից ելնելով` շատ դէպքերում նոյն հանրապետականների որոշ արտայայտութիւններ ոչ թէ պէտք է պրոպագանդել, այլ յոյժ գաղտնի պահել...

Կ. ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ

0 Պատգամ: