Լոյս է տեսել Աղասի Այւազեանի պիէսների ժողովածուն


Այսօր Հայաստանի գրողների միութիւնում կայացաւ գրող, սցենարիստ, ռեժիսոր Աղասի Այւազեանի պիէսների հայերէն և ռուսերէն հրատարակութիւնների շնորհանդէսը:

Շնորհանդէսին ներկայ էին Ա. Այւազեանի մտերիմները, գրչակից-ընկերները, պարզապէս գրողի տաղանդի երկրպագուները, այրին` Գրետա Վերդեանը:
Հայաստանի գրողների միութեան նախագահ Լևոն Անանեանը, կարևորելով գրքի հրատարակումը, նշեց, որ Աղասի Այւազեանի թատերերգրութիւնը սերւում է ազգային թատերերգրութեան ակունքներից և հեղինակը կարողացել է ոչ միայն պիէսների միջոցով վառ պահել ազգայինը, այլև` արդիական լինել դրամատուրգիայում:
«Աղասի Այւազեանի ձեռքը ժամանակի զարկերակին էր»,- շեշտեց Լևոն Անանյանը և յաւելեց, որ ընթացքի մէջ են Աղասի Այւազեանի տուն-թանգարանի և գրողի անւան հիմանդրամի ստեղծման աշխատանքները:
Ժողովածուի մէջ առաջին անգամ ի մի են բերւած Աղասի Այւազեանի բոլոր պիէսները, որոնց թւում` երեք անտիպ գործ:
Նշենք, որ գրքի շապիկին Աղասի Այւազեանի «Հեքիաթ» ստեղծագործութիւնն է. պիէսների ժողովածուն կազմել և հրատարակել է հեղինակի այրին` Գրետա Վերդեանը:
Տեղեկացնենք, որ Աղասի Այւազեանը ծնւել է 1925 թ.-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում, երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ աւարտել է Երևանի Գեղարւեստի ինստիտուտը: Առաջին պատմւածքը տպագրւել է 1954 թ.-ին: Ա. Այւազեանի սցենարներով նկարահանւել են շուրջ 15 ֆիլմներ, և որպէս բեմադրող-ռեժիսոր նկարահանելով «Վառւած լապտեր» ֆիլմը` Բեռլինի կինոփառատօնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակին:


13.11.2009, 19:36

0 Պատգամ: